26 Ապրիլ, 2020
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունից
բխող հարցեր և պատասխաններ
Հարց.
Կարո՞ղ են տեղափոխել կամ երկարաձգել ամենամյա արձակուրդի օրերը, քանի որ դրանք համընկել են ՀՀ-ում արտակարգ դրության հիման վրա սահմանված անձանց պարտադիր ինքնամեկուսացման օրերի հետ:
Պատասխան.
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի՝ աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, եթե աշխատողը գտնվել է անաշխատունակության վիճակում կամ ձեռք է բերել նպատակային արձակուրդի տեսակներից մեկի իրավունքը (տես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդված), կամ մասնակցել է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է աշխատողը ներգրավվել այդ աշխատանքներում:
Օրինակ՝ բժիշկն իր հիմնական աշխատավայրից վերցրել է իր ամենամյա արձակուրդը և որպես կամավոր՝ աշխատում է մեկ այլ բժշկական հաստատությունում՝ միանալով համաճարակի անհապաղ կանխարգելման աշխատանքներին:
Եթե վերը նշված պատճառներն առաջացել են մինչև ամեամյա արձակուրդն սկսվելը, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, որը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
Իսկ եթե դրանք առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
Հարց.
Գործատուն բանավոր տեղեկացրել է հաստիքների գալիք կրճատումների մասին՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Արդյո՞ք գործատուն իրավունք ունի իրականացնել հաստիքների կրճատում, իսկ եթե այո, ապա ինչ կարգով:
Պատասխան.
Հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել աշխատանքային պայմանագրի լուծման մասին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Այդ գրավոր ծանուցման մեջ պետք է նշված լինեն «1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, 2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 մասի 2-րդ կետի՝ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքնված անորոշ ժամկետով, ինչպես նաև որոշակի ժամկետով (նախքան դրա գործողության ժամկետի լրանալը) կնքված աշխատանքային պայմանագիրը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե իր հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նոր աշխատանք՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, և աշխատողը մերժել է այդ առաջարկը: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է՝ առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 115-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ՝ գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել ազատ ժամանակ՝ նոր աշխատանք փնտրելու համար, որի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից, իսկ ազատ ժամանակը պետք է տրամադրվի միայն աշխատողի կողմից առաջարկված ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պետք է պահպանվի աշխատողի միջին աշխատավարձը, որը պետք է հաշվարկվի` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Հարկ ենք համարում նշել, որ վերը նշված գրավոր ծանուցումն ուժը կորցրած պետք է ճանաչել, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ գրավոր ծանուցման համար սահմանված ժամկետների չպահպանման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը կարող է դիմել դատարան՝ անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում:
Հարց
Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը:
Պատասխան.
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի ՝ գործատուին արգելվում է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բացառությամբ այն դեպքերի, եթե «աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով»:
Գործատուին արգելվում է նաև լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ (հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը), երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,3-րդ, 5-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի), ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այս վերը նշված սահամանափակումները չեն կարող կիրառվել կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե վերը նշված ժամակահատվածները ավարտվել են և աշխատողը չի ներկայացել աշխատանքի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերը:
Հարց .
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակից՝ հեռավար՝ տանից աշխատելու դեպքում արդյո՞ք գործատուն կարող է առաջադրանքներ ուղարկել և պահանջնել աշխատել « Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված ոչ աշխատանքային, հիշատակի, ինչպես նաև հանգստյան օրերին:
Պատասխան.
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156 -րդ հոդվածի՝ «Ոչ աշխատանքային օրերին՝ Տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ»:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ «Տոների և հիշատակի մասին » ՀՀ օրենքի դրույթները նույնպես տարածվում են նաև հեռավար աշխատողների վրա և գործատուն կարող է հեռավար աշխատողներին ևս հանգստյան, տոնական և հիշատակի ոչ աշխատանքային օրերին ներգրավել աշխատանքի միայն հիշյալ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
Գործատուն կարող է ներգրավել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին նաև այն աշխատողներին, որոնք կնքել են ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (երկու ամիս ժամկետով): Այս դեպքում աշխատողներն այդ օրերին աշխատելու համար վճարվում են ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 101-րդ հոդվածի:
14 Ապրիլ, 2020
Ցավակցական ուղերձ
Խորապես վշտացած եմ Հայաստանի վաստակավոր մանկավարժ, արհմիութենական երկարամյա գործիչ Ռիմա Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
Շուրջ 55 տարի Ռիմա Խաչատրյանը դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման գործում դրսևորած ջանքերը, որոնք ՀՀ կառավարության կողմից գնահատվել են ըստ արժանվույն:
Ռիմա Խաչատրյանը ավելի քան հինգ տասնամյակ ղեկավարել է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպությունը, ակտիվորն մասնակցել ուսումնակրթական խնդիրների լուծմանը, ներկայացրել ու պաշտպանել բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերն ու իրավունքները:
Իմ ցավակցությունն եմ հայտնում լուսահոգի մանկավարժի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, կիսում կորստի վիշտը:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ՝ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ