30 Հոկտեմբեր, 2020
Հայաստանի ճյուղային արհմիությունների ուղերձը
միջազգային արհմիութենական հանրությանը
Հարգելի՛ գործընկերներ:
2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ:
Այս հակամարտությունն ունի երկար պատմություն:
Դեռևս 1918թ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, հռչակեց իր անկախությունը, հրաժարվեց մտնել առաջին Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և դիմակայեց թուրք-ադրբեջանական ջարդերին: 1921թ. հուլիսի 4-ին Հարավային Կովկասում Սովետական Հանրապետությունների ձևավորման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դարձավ Հայկական ՍՍՀ մասը, սակայն հաջորդ իսկ օրը Ստալինի անմիջական միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար փոխանցվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ):
Անգամ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Ադրբեջանական ՍՍՀ իշխանությունները հետևողականորեն խտրականություն էին դրսևորում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայկական ազգաբնակչության նկատմամբ:
1988թ-ին օգտվելով ինքնորոշման իրավունքից, ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների Մարզային Խորհուրդը ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարություններին միջնորդություն հղեց Ղարաբաղը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթ և Բաքու քաղաքներում ապրող հայերի զանգվածային ջարդեր և կոտորած:
1991թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Լեռնային ղարաբաղի ժողովուրդը հաստատեց Ադրբեջանի կազմից դուրս գալու իր ցանկությունը: Ի պատասխան դրան Ղարաբաղում սկսվեց պատերազմ, որը տևեց գրեթե 4 տարի և ավարտվեց 1994թ. մայիսի 12-ին՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքմամբ:
Չճանաչված Արցախի Հանրապետությունն ունի գրեթե 30-ամյա գոյության պատմություն: Դա երկիր է իր սահմանադրությամբ, կառավարությամբ, ժողովրդավարական հանրապետության բոլոր տարրերով, քաղաքացիական հասարակության, այդ թվում և արհմիութենական զարգացած կառուցվածքներով: Այս տարիների ընթացքում թեև Արցախի արհմիությունները մեկուսացված են եղել միջազգային արհմիութենական շարժումից, այնուհանդերձ սոցիալական գործընկերության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում էական արդյունքներ են գրանցել:
Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ կտրականապես մերժել է փոխզիջումները՝ պահանջելով վերադարձնել Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության ներքո, մերժելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը: Այդպիսի մոտեցումն առ ոչինչ դարձրեց միջազգային միջնորդների բոլոր ջանքերը:
Սա արդեն երրորդ պատերազմն է, որն Ադրբեջանը սանձազերծում է ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած անկախ Արցախի նկատմամբ:
Խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանի զինված ուժերը կիրառելով սպառազինության արգելված ձևեր, նպատակաուղղված հարձակում են գործում քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մշակույթի հուշարձանների և հաստատությունների, եկեղեցիների ու տաճարների վրա, զոհվում են ծերեր, կանայք ու երեխաներ: Ավելի քան 90 հազար մարդ դարձել է փախստական, 24 հազար երեխա զրկվել կրթություն ստանալու իրավունքից: Մենք դարձել ենք պատերազմական հանցագործությունների ականատես, երբ խաղաղ բնակիչները պարզապես գնդակահարվում են, հարձակվողների թիրախից զուրկ չեն մնում նաև բժիշկներն ու լրագրողները:
Այսօր ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը կանգնած են հումանիտար աղետի առջև:
Թուրքիան 100 տարի առաջ անպատժելիորեն իրականացնելով հայերի ցեղասպանությունն իրենց իսկ պատմական հայրենիքում, հայտարարում է հայ ժողովրդին բնաջնջելու իր մտադրության մասին:
Հայ հասարակությունն ինչպես երբեք համախմբվել է ագրեսորի դեմ պայքարում:
Հայաստանի արհմիությունները նույնպես անմասն չեն մնացել այս դժվարին պահին՝ ուղղելով իրենց ուժերն ու միջոցները Արցախի անօթևան բնակիչներին, արհմիություններին անդամակցող վիրավորների և զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:
Այս օրերին միջազգային շատ կազմակերպություններ, պետության ղեկավարներ, ինչպես նաև միջազգային արհմիություններ, պահպանելով չեզոքություն, դիմում են հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց այս պատերազմում կողմերը հավասար չեն. պաշտպանվող կողմը չի կարող դադարեցնել ինքնապաշտպանությունը, քանի դեռ հակառակորդն ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների շարունակում է հարձակումը:
Այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի բնակիչների անվտանգության միակ երկարատև երաշխիքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Ադրբեջանի կազմում վերջինիս շնորհված ցանկացած կարգավիճակի պարագայում Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լինելու են սպառնալիքի տակ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա:
Դիմում ենք բոլոր արհմիություններին: Մեր առաքելությունն է՝ միշտ պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել հանուն արդարության: Խնդրում ենք, մի՛ լռեք, դիմե՛ք ձեր կառավարություններին: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ հանուն այնտեղ ապրող մարդկանց փրկության:
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների «Միաբանություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ
16 Հոկտեմբեր, 2020
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ
պարոն Է.Թումասյանին
Հարգելի Էդուարդ,
Խորին անհանգստությամբ և ցավով հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության զարգացման ընթացքին: Զոհվում են մարդիկ, ոչնչացվում են ենթակառուցվածքներ և տներ, և հետևանքներն ակնառու են ամբողջ տարածաշրջանում: Խաղաղությունը արհմիութենական շարժման, այն է՝ աշխատողների իրավունքների իրականացման, արժանապատիվ աշխատանք ունենալու և մեր անդամների կյանքի հրամայականն է: Մենք վերահաստատում ենք այս դիրքորոշումը աշխարհի ցանկացած մասում ցանկացած բռնի հակամարտության վերաբերյալ:
Մենք, անշուշտ, հաշվի ենք առնում այն տեղեկատվությունը, որը Դուք ներկայացրել եք մեզ իրավիճակի վերաբերյալ: Համոզված եղեք, որ մենք դրան վերաբերվում ենք պատշաճ ուշադրությամբ և հաշվի ենք առնում մեր կոչերում և գործողություններում: Դուք տեսել եք Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի հայտարարությունը, որն ամրապնդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ինչպես նաև անցյալ շաբաթ ՀԱԵԿ-ի (PERC) նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից կատարած համատեղ հայտարարությունը: Ավելին, մենք դիմել ենք ԵԱՀԿ նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին՝ լիարժեք իրացնելու իրենց մանդատը և շարունակելու առաջ տանել բոլոր կողմերի ներգրավվածությունը և հորդորել նրանց վերստին հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի առկա հիմնական նորմերն ու սկզբունքները և համապատասխան միջազգային փաստաթղթերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևը: Մենք նաև կապեր ենք հաստատում Ալբանիայի և Շվեդիայի մեր մասնաճյուղերի հետ (ԵԱՀԿ նախագահի և ապագա նախագահի հետ), ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սույն ուղերձն իրենց երկրների կառավարություններին փոխանցելու համար:
Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Մենք կոչ ենք անում բոլոր անդամներին միավորվել և բարձրաձայնել «Եվրոպան առանց հակամարտության և առանց պատերազմի» կարգախոսը: Մենք արդարության և երկխոսության կոչ ենք անում և պատրաստ ենք համերաշխ աջակցություն ցուցաբերել Հայաստանի արհմիություններին և քննարկել աշխատողների ընդհանուր շահերի խթանումը, այն է՝ արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների առողջության և բարեկեցության ապահովման հետագա քայլերը և, անշուշտ, խաղաղությունը:
Հարգանքով,
Շարան Բուրրոու Լուկա Վիզենտինի
Գլխավոր քարտուղար Գլխավոր քարտուղար
Արհ. ՄԿ ԱԵԿ և Արհ.ՄԿ
02 Հոկտեմբեր, 2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին, բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Հարգելի մանկավարժներ, ուսումնական տարվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անսպասելի մրտահրավերները նոր խնդիրներ ստեղծեցին կրթության ոլորտում: Եվ միայն ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, թեկուզ հեռավար, բայց պարտաճանաչ անցկացնել դասերը:
Հարգելի ուսուցիչներ, երախտապարտ ենք ձեզ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք՝ կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր և հարգանք գիտելիքի հանդեպ: Դրանով դուք կերտում եք մեր երկրի ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ գործ է:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություն ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար:
Հայաստանի արհմիությունների
Կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
28 Սեպտեմբեր, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսած ակտիվ հրետանակոծության փաստին, իր մտահոգությունն է հայտնում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ և զորակցությունը՝ Արցախի հերոս ժողովրդին:
ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ Արցախի խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում հանգեցրել է զոհերի ու վիրավորների: Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:
Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան և Արցախի Հանրապետություն ներխուժելու փորձը: Իրավիճակը պահանջում է հակառակորդի ռազմական գործողությունների կասեցում, վերահաստատել հայերի` իրենց հողերում խաղաղ ապրելու իրավունքը:
Մենք լիահույս ենք, որ ՄԱԿ-ը, ՄԻԵԴ-ը և միջազգային այլ կառույցներ միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից վերսկսած լայնածավալ պատերազմական գործողությունները և տարածաշրջանում հաստատել խաղաղություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ
25 Սեպտեմբեր, 2020
Հայտարարություն
2020թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» մշտական գործող հանձնաժողովի (Հանձնաժողով) նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց կովիդ-19-ի հետևանքով աշխատավայրերում արձանագրված աշխատանքային իրավունքների խախտումները, մշակվեց արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված միջոցառումների պլանը:
Նիստի օրակարգում ներառված էր նաև Հանձնաժողովի նոր նախագահի թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը:
Նիստին ներկա 9 անդամներից 1 ձեռնպահ և 8 կողմ ձայնով Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ագրոարդի համակարգի աշխատողների ՃՀՄ ներկայացուցիչ Վարդ Բրուտյանը: