Երևան, 22.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

01 Մայիս, 2016

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չեղյալ է համարել մայիսմեկյան իրենց երթը. ԱՌԱՎՈՏ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չեղյալ է համարել մայիսմեկյան իրենց երթը. ԱՌԱՎՈՏ

  Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ հաշվի առնելով արցախյան իրավիճակը՝ չեղյալ են համարել իրենց մայիսի 1-յան երթը՝ համարելով որ այն չի համապատասխանում ստեղծված իրավիճակին:   Աշխատանքային հարաբերությունների եւ գոյություն ունեցող ստեղծված վիճակներից...

28 Ապրիլ, 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հարգելի հայրենակիցներ

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա  կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության  անխափան զարգացման:

  Անժխտելի է այն, որ լիարժեք կյանքի ապահովման գրավականը աշխատանքն է, սակայն հանրապետությունում հետզհետե նոսրանում են  աշխատավորության  շարքերը, ինչը խիստ մտահոգիչ է: Հայ աշխատավորը դեգերում է  օտար ափերում՝ իր և իր ընտանիքի գոյության  պահպանման  միջոցներ գտնելու նպատակով: Մինչդեռ քարաստաններ ծաղկեցնող մեր հայրենակցին աշխատանք է  պետք  հենց  իր հայրենիքում: Օտար եզերքները շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել  բարեկեցիկ, որպեսզի   հողագործն ու աշխատավոր մարդը ապրի արժանապատիվ կյանքով,  իսկ սահմանը պահող զինվորի թիկունքը լինի ապահով:

  Հնարավոր չէ  շրջանցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան չորսօրյա  պատերազմը, որը  ցույց  տվեց հայրենիքի համար օրհասական  պահին  բանակին ու զինվորին աջակցելու պատրաստակամ աշխատավորի՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը, անկախ նրանից, թե սոցիալական  ինչ վիճակում է  գտնվում:

  Այսօր, առավել քան  երբևէ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով շարունակում է ՀՀ  կառավարությանը հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության մասին: Տարեցտարի գրանցվող  գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը փաստող վիճակագրությունը կոնֆեդերացիային  պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային իրավունքերի ու շահերի պաշտպանության, աշխատանքի անվտանգությանն ու կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը:

  Աշխատանքի օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ արհմիության անդամներին և բոլոր աշխատողներին, մաղթում Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ  ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

27 Ապրիլ, 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (ԱՄԿ)  աշխատանքի անվտանգությունը համարելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններից մեկը,  ապրիլի 28-ը հայտարարել է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր, որը 2003 թվականից ի վեր նշվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում: Օրվա  խորհուրդը առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի տարածումն է:

  Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքի համաձայն աշխատողների առողջության և անվտանգության պահպանումը պարտավոր է ապահովել գործատուն: Սակայն որոշ  գործատուներ խուսափում են բավարար միջոցներ ներդնել աշխատանքի անվտանգության պայմաններ ստեղծելու համար:

  Արդյունքում աշխատավայրերում շարունակում են  տեղի ունենալ դժբախտ դեպքեր: 2015 թվականի ընթացքում գրանցվել է դժբախտ պատահարի 45 դեպք, որոնցից 5-ը՝ մահացու ելքով:  Հաշվառված հաշմանդամներից 2101-ը հաշմանդամ են դարձել աշխատանքային խեղման, իսկ 278-ը` մասնագիտական հիվանդության  արդյունքում:

  Դեռևս չլուծված է մնում 2004թ. օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժված շուրջ 800 անձանց հասանելիք վնասի փոխհատուցման գումարների չվճարման հարցը, ներդրված չէ նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության  համակարգը:

  Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը պետք է իրականացնի համապատասխան պետական մարմինը, ի դեմս պետական տեսչության, որը 2013 թվականին  ՀՀ կառավարության  որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլման  ձևով  վերակազմավորվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում որպես առանձին  կառույց և կոչվում է Առողջապահական  պետական  տեսչություն: Այդ որոշմամբ փաստորեն դադարեցվել է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը որպես առանձին կառույցի:

  Այսօր հանրապետությունում աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրները բազմաթիվ են և դրանք անհապաղ լուծման կարիք ունեն:

  Արհմիությունների կոնֆեդերացիան  գտնում է, որ առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղված լինի աշխատավորների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանմանը: Այս ոլորտին առնչվող օրենսդրության պահպանումը  յուրաքանչյուր գործատուի համար պետք է դառնա գործունեության նորմ, որը աշխատանքի պաշտպանության պետական ռազմավարության  բացակայության  արդյունքում հնարավորություն է  տալիս որոշ գործատուների խուսափել աշխատանքի նորմերի պահպանման  պատասխանատվությունից:

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի

նախագահ   Էդուարդ Թումասյան

24 Ապրիլ, 2016

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2016  թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց  Հայոց Ցեղասպանության զոհերի  հիշատակը  հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ  դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության  զհերի հիշատակը: ՀԱՄԿ-ը Հայոց ցեղասպանության ...

13 Ապրիլ, 2016

ՍԵՄԻՆԱՐ. Արհմիությունները կարևորում են աշխատանքային հարաբերությունների պահպանումը

ՍԵՄԻՆԱՐ. Արհմիությունները կարևորում են աշխատանքային  հարաբերությունների պահպանումը

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը ս/թ ապրիլի 12-ին կազմակերպեց սեմինար ճյուղային արհմիությունների ակտիվի համար` «ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների գործնական մեկնաբանություններ» թեմայով:   Սեմինարին մասնակցում էին էլեկտրաարհմիության, թեթև արդյունաբերության, լեռնանամետալուրգիական ոլորտների և բուհերի...

07 Ապրիլ, 2016

Աջակցություն Արցախին

 

  Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տուժած անձանց և նրանց  ընտանիքներին նյութական աջակցություն  տրամադրելու նպատակով ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեն որոշում  ընդունեց կոնֆեդերացիայի և նրա անդամ ճյուղային  հանրապետական  միությունների ֆինանսական  միջոցներից  օգնություն  հատկացնել ԼՂՀ-ի արհմիությունների ֆեդերացիային:

  Միաժամանակ  որոշում  կայացվեց չեղարկել <Աշխատանքի օրվան  նվիրված երթ անցկացնելու մասին> 2016 թ. մարտի 18-ի որոշումը և չանցկացնել մայիսի 1-ի երթը:

04 Ապրիլ, 2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով  ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման  գծի ողջ երկայնքով,  ինչպես  նաև խաղաղ  բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից ծանր տեխնիկայի և օդուժի կիրառմամբ  ձեռնարկված  ակտիվ հարձակողական  գործողությունների փաստին,  իր մտահոգությունն է  հայտնում ռազմական  գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ:

  ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական  իշխանությունների՝ ռազմական  գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն  իսկ  ԼՂՀ խաղաղ  բնակչության  և զինվորականների շրջանում հանգեցրել է բազմաթիվ  զոհերի ու վիրավորների:

  ՀԱՄԿ-ը խորապես ցավակցում է զոհված բնակիչների և զինծառայողների հարազատներին,  իսկ վիրավորներին  մաղթում շուտափույթ ապաքինում:

  Մենք  լիահույս ենք, որ ՄԱԿ-ը  և  միջազգային  այլ կառույցները միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից տարածաշրջանում  վերսկսած լայնածավալ  պատերազմական  գործողությունները:

 

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտե