02 Հոկտեմբեր, 2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ցանկացած երկրի կայուն զարգացումը, տնտեսական աճը հնարավոր չէ առանց արժանապատիվ աշխատանքի ապահովման, որի խորհուրդն առավել ընդգծելու նպատակով Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հոկտեմբերի 7-ը հայտարարել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր: Աշխատողների իրավունքները պետք է հիմնաքար հանդիսանան երկրի տնտեսական, ֆինանսական, առևտրային և սոցիալական քաղաքականությունների մշակման համար: Աշխատանքի ոլորտում կայացած սոցիալական գործընկերությունը, առողջ սոցիալական երկխոսությունը, աշխատողների իրավագիտակցության բարձրացումը իրենց աշխատանքային և դրանց հետ կապված սոցիալական իրավունքների վերաբերյալ լավագույնս կնպաստեն յուրաքանչյուր երկրում արժանապատիվ աշխատանքի կերտմանն ու պահպանմանը:
Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա խորհուրդը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար իմաստավորվում է պատշաճ աշխատավարձի ապահովման, կայուն աշխատատեղերի ստեղծման, միասնական ուժերով աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծման համար արհմիութենական կազմակերպություների համատեղ գործընթացով:
Յուրաքանչյուր աշխատող ցանկանում է և պետք է ունենա ապահով, արժանապատիվ աշխատանք և արդարացի վարձատրություն, որոնց շնորհիվ նա կհոգա ընտանիքի կարիքները, կունենա առողջությունը չխաթարող աշխատանքային նորմալ պայմաններ: Այս ամենին նպաստող բարեփոխումներն իրենց ամփոփ արտացոլումը գտան 2019թ․ մայիսի 14-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագում, որով սահմանվեց 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության գերակայությունները:
Ծրագիրը կնպաստի օրենսդրական բարեփոխումների միջոցով աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, զբաղվածության քաղաքականության բարելավմանն ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդմանը: Այն լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի շարունակական զարգացման համար:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հույս է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը երկրում կարմատավորի արժանապատիվ աշխատանքը՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման կարևոր բաղադրիչ:
ՀԱՄԿ-ը ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հետամուտ կլինի արժանապատիվ աշխատանքի գաղափարի իրականացմանը, արհմիութենական կազմակերպությունների ակտիվ գործունեությանն ու արհմիությունների շարքերը երիտասարդներով համալրելու գործընթացին:
13 Սեպտեմբեր, 2019
Հանգուցալուծումը կարծես թե մոտ է
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների գրեթե ողջ ամառ ձգվող գործադուլի հանգուցալուծումը կարծես թե մոտ է: Աշխատողների պահանջը օրենքով սահմանված...
05 Օգոստոս, 2019
Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 31-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
Նիստում քննարկման էր դրված <Հայաստանի Հանրապետության...
24 Հուլիս, 2019
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի հուլիսի 23-ին ծանր հիվանդությունից մահացել է ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար, Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Արիստակեսի Վաղարշակյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գառնիկ Վաղարշակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Իր մարդկային արժանիքներով, հայ մանկավարժի ու մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու արհեստավարժությամբ Գառնիկ Վաղարշակյանն օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։ Հաճախակի հրապարակվող հոդվածներում նա իր անաչառ գնահատականն ու դիրքորոշումն է հայտնել հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած իրադարձության վերաբերյալ:
Գառնիկ Վաղարշակյանն իր ակտիվ ու սկզբունքային դիրքորոշմամբ մշտապես եղել է արհմիությունների դերի ու հեղինակության բարձրացմանը նպաստող գործունեության կիզակետում, իր լուման ներդրել կրթական ոլորտում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների ձևավորման գործընթացում: Նրա կազմակերպչական ու ոգեշնչող ջիղը եղել է արհմիության շարքերում երիտասարդության ներգրավման գրավականը:
Գառնիկ Վաղարշակյանը ծնվել է 1951 թ. դեկտեմբերի 12-ին:
1968-1972 թթ. սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը:
1972-1973 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1974-1977թթ. աշխատել է Երևան քաղաքի տարբեր կրթօջախներում` դասավանդել է մաթեմատիկա դպրոցում, պրոֆտեխուսումնարանում, տեխնիկումում, բուհում:
1977-1991թթ. աշխատել է ՀՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում` զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
1991-1994թթ. ընտրվել է Հայաստանի բուհերի աշխատողների և ուսանողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ:
1994-1997թթ. ընտրվել է որպես վերոգրյալ միության նախագահի պաշտոնակատար:
1997-2002թթ. ընտրվել է Հայաստանի բուհերի աշխատողների և ուսանողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ:
2002-ից հանդիսացել է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ:
2012թ. նշանակվել է ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար:
Հանդիսացել է Արհմիությունների համընդհանուր համադաշնության խորհրդի անդամ (ք.Մոսկվա):
ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Միջին կրթության ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամ:
ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ներկայացրել է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը Կրթության Ինտերնացիոնալի կազմում (ք.Բրյուսել):
Պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի շնորհակալագրով, ԱՊՀ երկրների Կրթության և գիտության աշխատողների միջազգային արհմիութենական կազմակերպության պատվոգրով, ՀԱՄԿ-ի և ԱՊՀ երկրների Արհմիությունների համընդհանուր Համադաշնության պարգևներով:
Շուրջ 400 հրապարակումների և երկու գրքերի հեղինակ է:
Գառնիկ Վաղարշակյանն ամուսնացած էր, ուներ 3 զավակ և 6 թոռ:
Նրա անժամանակ մահը հիրավի մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, այլև Բուհերի արհեստակցական կազմակերպությունների անդամների, նրան խորապես ճանաչողների ու գնահատողների համար:
18 Հուլիս, 2019
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների, նրանց համար բարեկեցիկ պայմանների ապահովման գործում:
Հանքարդյունաբերության ոլորտում զբաղված են հազարավոր աշխատողներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը: Հարկ է նշել, որ ոլորտի աշխատողները պատվով են կատարում իրենց գործը:
Հարգելի լեռնագործներ և մետալուրգներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ արժանապատիվ աշխատանք, հանուն որի Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությունը հետևողական ջանքեր է գործադրում, մաղթում եմ նաև առողջություն և բարեկեցություն` ձեզ և ձեր ընտանիքներին:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ
Էդուարդ Թումասյան