Երևան, 26.03.2023
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

19 Հոկտեմբեր, 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար ՀՀ Ազգային ժողովը  2020 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի...

16 Հոկտեմբեր, 2020

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

 

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ

պարոն Է.Թումասյանին

 

 

 Հարգելի  Էդուարդ,

 

 Խորին անհանգստությամբ և ցավով հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության զարգացման ընթացքին: Զոհվում են մարդիկ, ոչնչացվում են ենթակառուցվածքներ և տներ, և հետևանքներն ակնառու են ամբողջ տարածաշրջանում: Խաղաղությունը արհմիութենական շարժման, այն է՝ աշխատողների իրավունքների իրականացման, արժանապատիվ աշխատանք ունենալու և մեր անդամների կյանքի հրամայականն է: Մենք վերահաստատում ենք այս դիրքորոշումը աշխարհի ցանկացած մասում ցանկացած բռնի հակամարտության վերաբերյալ:

 Մենք, անշուշտ, հաշվի ենք առնում այն տեղեկատվությունը, որը Դուք ներկայացրել եք մեզ իրավիճակի վերաբերյալ: Համոզված եղեք, որ մենք դրան վերաբերվում ենք պատշաճ ուշադրությամբ և հաշվի ենք առնում մեր կոչերում և գործողություններում: Դուք տեսել եք Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի հայտարարությունը, որն ամրապնդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ինչպես նաև անցյալ շաբաթ ՀԱԵԿ-ի (PERC)  նախագահի և  գլխավոր քարտուղարի կողմից կատարած համատեղ հայտարարությունը: Ավելին, մենք դիմել ենք ԵԱՀԿ նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին՝ լիարժեք իրացնելու իրենց մանդատը և շարունակելու առաջ տանել բոլոր կողմերի ներգրավվածությունը և հորդորել նրանց վերստին հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի առկա հիմնական նորմերն ու սկզբունքները և համապատասխան միջազգային փաստաթղթերը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևը: Մենք նաև կապեր ենք հաստատում Ալբանիայի և Շվեդիայի մեր մասնաճյուղերի հետ (ԵԱՀԿ նախագահի և ապագա նախագահի հետ), ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սույն ուղերձն իրենց երկրների կառավարություններին փոխանցելու համար:

 Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Մենք կոչ ենք անում բոլոր անդամներին միավորվել և բարձրաձայնել «Եվրոպան առանց հակամարտության և առանց պատերազմի» կարգախոսը: Մենք արդարության և երկխոսության կոչ ենք անում և պատրաստ ենք համերաշխ աջակցություն ցուցաբերել Հայաստանի արհմիություններին և քննարկել աշխատողների ընդհանուր շահերի խթանումը, այն է՝ արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների առողջության և բարեկեցության ապահովման հետագա քայլերը և, անշուշտ, խաղաղությունը:

 

Հարգանքով,

 

Շարան Բուրրոու                                                     Լուկա Վիզենտինի

Գլխավոր քարտուղար                                        Գլխավոր քարտուղար

Արհ. ՄԿ                                                                       ԱԵԿ և Արհ.ՄԿ

06 Հոկտեմբեր, 2020

02 Հոկտեմբեր, 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին, բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

 Հարգելի մանկավարժներ, ուսումնական տարվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անսպասելի մրտահրավերները նոր խնդիրներ ստեղծեցին կրթության ոլորտում: Եվ միայն ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, թեկուզ հեռավար, բայց պարտաճանաչ անցկացնել դասերը:

 Հարգելի ուսուցիչներ, երախտապարտ ենք ձեզ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք՝ կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր և հարգանք գիտելիքի հանդեպ: Դրանով դուք կերտում եք մեր երկրի ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ գործ է:

 Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություն ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար:

 

 

Հայաստանի արհմիությունների

Կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

28 Սեպտեմբեր, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսած ակտիվ հրետանակոծության փաստին, իր մտահոգությունն է հայտնում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ և զորակցությունը՝ Արցախի հերոս ժողովրդին:

  ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ Արցախի խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում հանգեցրել է զոհերի ու վիրավորների: Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:

  Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան և Արցախի Հանրապետություն ներխուժելու փորձը: Իրավիճակը պահանջում է հակառակորդի ռազմական գործողությունների կասեցում, վերահաստատել հայերի` իրենց հողերում խաղաղ ապրելու իրավունքը:

  Մենք լիահույս ենք, որ ՄԱԿ-ը, ՄԻԵԴ-ը և միջազգային այլ կառույցներ միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից վերսկսած լայնածավալ պատերազմական գործողությունները և տարածաշրջանում հաստատել խաղաղություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

25 Սեպտեմբեր, 2020

Հայտարարություն

 

2020թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» մշտական գործող հանձնաժողովի (Հանձնաժողով) նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեց կովիդ-19-ի հետևանքով աշխատավայրերում արձանագրված աշխատանքային իրավունքների խախտումները, մշակվեց արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված միջոցառումների պլանը:

Նիստի օրակարգում ներառված էր  նաև Հանձնաժողովի նոր նախագահի թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը:

Նիստին ներկա 9 անդամներից 1 ձեռնպահ և 8 կողմ ձայնով Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ագրոարդի համակարգի աշխատողների ՃՀՄ ներկայացուցիչ Վարդ Բրուտյանը: 

19 Սեպտեմբեր, 2020

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է հանրապետության ողջ աշխատավորությանն ու արհմիության անդամներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:  

 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը  քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այն ինչ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենը  ձեռք է բերվել հայ ժողովրդի միասնական  ջանքերի շնորհիվ: Մենք բոլորս պարտավոր ենք պահել ու պահպանել այդ ձեռքբերումներն ու փոխանցել դրանք սերունդներին: Իսկ դրա լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն ու արարումն է, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ:

   Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Անկախության  տոնի առթիվ կրկին շնորհավորելով հանրապետության աշխատավորությանը մաղթում է առողջ, արժանապատիվ աշխատանք ու  բարեկեցիկ կյանք:

 

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի  նախագահ՝                                    ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ