Տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանը
2019թ. հունիսի 12-14-ը Ժնևում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանը, որը նվիրված էր ԱՄԿ-ի 100-ամյակին:
Համաժողովը պատմական իրադարձություն է, այն կոչված է ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել աշխատանքի բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին և այդ զարգացումներում ԱՄԿ-ի դերի բարձրացմանը:
Նստաշրջանին մասնակցում էին 187 անդամ երկրներից կառավարական պատվիրակությունների, գործատուների և աշխատողների շուրջ 6000 ներկայացուցիչներ: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցող երկրների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծեցին արագ փոփոխվող աշխատանքի շուկայի խնդիրների լուծման կարևորությունը և հաստատեցին սոցիալական արդարության սկզբունքների հաստատման հարցում ԱՄԿ-ին աջակցելու իրենց պատրաստակամությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Զարուհի Բաթոյանն իր ելույթում կարևորեց Աշխատանքի միջազգային կազմակերպության հոբելյանը, նաև ընթացիկ տարվա մայիսի 14-ին ԱՄԿ-ի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրն ու մեկնարկային փուլում գտնվող «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը։
Համաժողովի աշխատանքների շրջանակում ԱՄԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերը և ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան հանդիպում ունեցան հայկական պատվիրակության հետ: