Արհմիությունների և ԶԼՄ-ների գործընկերային հարաբերությունները նոր թափ են ստանում
Մայիսի 16-17-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի Ուսումնական կենտրոնը Ծաղկաձորում կազմակերպեց <Արհմիությունների և լրատվամիջոցների համագործակցությունը> թեմայով սեմինար, որի նպատակն էր արհմիություն-ԶԼՄ-ներ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու ԶԼՄ-ների միջոցով արհմիությունների գործունեության և կատարած աշխատանքների հանրայնացումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական բանախոսն էր < CONTACT> Մոլդովայի ՊՈԱԿ-ների իրազեկման և Աջակցության Ազգային Կենտրոնի ծրագրերի համակարգող, մարզիչ և գնահատող, Աշխատանքի միջազգային կազմակերպության/ԱՄԿ/ փորձագետ Վասիլե Չոարիկը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը կարևորեց ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում անցկացվող սեմինարի նշանակությունը Հայաստանի արհմիությունների գործունեության լայնամասշտաբ լուսաբանման գործում: Նա անդրադարձավ օրեր առաջ ԱՄԿ-ի, ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից համատեղ ստորագրած <Արժանապատիվ աշխատանք> Ազգային ծրագրին: Է.Թումասյանը նշեց, որ Ազգային ծրագրում ներառված են ՀԱՄԿ-ի կողմից նվազագույն աշխատավարձի և աշխատանքի պետական տեսչության վերաբերյալ բազմիցս բարձրաձայնած առաջարկությունները:
Վասիլե Չոարիկը ներկայացրեց Մոլդովայի Հանրապետության արհմիություններում տեղեկատվական աշխատանքի փորձը, արհմիությունների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, ներկայացրեց նաև տեղեկատվական դաշտում արհմիությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաները, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծանոթացրեց արհմիությունների հետ փոխհարաբերությունների ձևերին, մեթոդներին, հարցազրույցի վարման և վարքի նորմերին: Հետաքրքիր և աշխույժ էր մասնավորապես խմբերով դերային խաղի, դրա արդյունքների ներկայացման և քննարկման ընթացքը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՀԱՄԿ-ի պատմության, խնդիրներին ու զարգացման հեռանկարներին ծանոթացրեց ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը: Այնուհետև տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Բ. Խարատյանը պատասխանեց արհմիությունների գործունեության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին:
Սեմինարի ավարտին Գառնիկ Վաղարշակյանն ամփոփելով արդյունքները հույս հայտնեց, որ արհմիություններ-լրատվամիջոցներ փոխհամագործակցությունը կլինի շարունակական և որ մամուլի կողմից արհմիությունների թափանցիկ գործունեության օբյեկտիվ լուսաբանումների շնորհիվ հանրության շրջանում արհմիությունների հանդեպ վստահությունը կամրապնդվի և առավել տեսանելի կլինի: