Եռակողմ համագործակցությունը շարունակվում է

2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված համաձայնագրով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարեցվել է մեկ տարով: Այդ առթիվ դեկտեմբերի 26-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեցին կատարած աշխատանքներն ու խոսեցին առաջիկա անելիքների մասին:
Արման Ուդումյանն իր խոսքում կարևորելով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նշանակությունն ասաց, որ պայմանագրի նպատակն է խթանել սոցիալական գործընկերության կայացումն ու զարգացումը, հանրապետական մակարդակներում կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման միջոցով բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի կարծիքով աշխատողի և գործատուի հարաբերությունները կարգավորելու համար կառավարությունը պետք է կանոններ սահմանի, որպեսզի ապահովի սոցիալական գործընկերություն: Անդրադառնալով կոլեկտիվ պայմանագրին, նա նշեց, որ այն կարող է հնարավորություն ստեղծել համաձայնեցնելու երեք կողմերի շահերը, ովքեր նույն հարցի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ:
<Հույս ունեմ, որ պայմանագրի այն դրույթները, որոնք կատարվել են մասամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում կկարողանանք հասցնել ավարտին>,-ասաց Բ.Խարատյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի փոխանցմամբ եռակողմ պայմանագիրը շատ պարտավորեցնող է բոլոր կողմերի համար, որ այն կարևոր ինստիտուտ է երկրի համար, որտեղ 3 կողմերի շահերը զուգակցվում են և փոխհամաձայնեցման միջոցով լուծվում աշխատանքային գործունեության և սոցիալ-տնտեսական իրավիճակներից բխող խնդիրները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Շմավոն Մկրտչյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանը և ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


