Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

2018 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի /ԱՀԿ/ խորհրդի նիստը, որը վարում էր ԱՀԿ-ի նախագահ, ԱՊՀ անտառայի արդյունաբերության աշխատողների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Կարնյուշինը:

Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստին մասնակցում էին ԱՀԿ-ի խորհրդի և գործկոմի անդամ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, ԱՀԿ-ի խորհրդի անդամներ՝ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ –ի նախագահ, ԱՀԿ-ի խորհրդի անդամներ Գրիգոր Ղարիբյանը և Պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվեց նաև ԱՊՀ երկրներում, որտեղ գործում են ԱՀԿ անդամ արհմիութենական կազմակերպություններ սոցիալ տնտեսական վիճակն ու արհմիությունների խնդիրները, որի կապակցությամբ ելույթ ունեցավՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Է.Թումասյանը իր ելույթում անդրադարձավ ՀԱՄԿ-ի 2017 թ. գործունեությանը, Հայաստանի տնտեսության վիճակին, նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակներին, բնակչության կենսամակարդակին, աղքատության, գործազրկության, աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերող հարցերին:

-Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր գործունեության ուղղություններից մեկը համարում է իրավական դաշտում աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում ՀԱՄԿ-ի ակտիվ մասնակցությունը:

-Հայաստանի կառավարությունը նախատեսում է արմատապես փոխել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը, որում զգալի տեղ են գրավում աշխատողների և գործատուների փոխհարաբերությունների կարգավորման համար կողմերի համաձայնությամբ ամրագրվող անհատական աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրին վերաբերող առաջարկությունը: Մեր համոզմամբ գործատուների և աշխատողների փոխհարաբերությունների կարգավորումը կողմերի համաձայնության թողնելը կարող է չարաշահման առիթ հանդիսանալ, -իր ելույթում ասել է Է. Թումասյանը:

ՀԱՄԿ-ի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև իր կողմից բազմիցս բարձրաձայնված նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման, աշխատողների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության վերահսկողության հարցում Աշխատանքի պետական տեսչության կարևորության և բազմաթիվ այլ հարցերի:

Նիստում ընդունվեցին ուղերձներ Մայիսի 1-ի՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա, Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա և Ապրիլի 28-ի՝ Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: