ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:
Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:
Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Արցախի հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավտուհի Ղահրամանյանը:
Մինչ համագումարի աշխատանքին անցնելը Ա.Վարդևանյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը համագումարին, Ն. Պոդշիբյակինան ներկայացրեց Արհմիությունների համադաշնության ուղերձը համագումարին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Մակարյանը:
Շնորհավորական ուղերձներ են ստացվել Մոլդովայի Արհմիությունների Ազգային կոնֆեդերացիայից և Արցախի Հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայից:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսի Ավագյանը:
Համագումարում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, <Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, <Կիլիկիա գարեջրի գործարան> ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, <Նաիրիտ գործարան> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Հրաչիկ Թադևոսյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, լսվեց նաև մանդատային հանձնաժողովի նախագահ Էլեն Մանասերյանի զեկուցումը:
Համագումարը հաստատեց <Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա> արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2017-2022 թթ. գործունեության ծրագիրը:
Համագումարն ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարություն:
Համագումարը միաձայն ՀԱՄԿ-ի նախագահ ընտրեց Էդուարդ Թումասյանին, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանին և Խաչիկ Առաքելյանին: Ձևավորվեցին նաև ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինները և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք 5 տարիներին կոնֆեդերացիան գործընկերային փոխադարձ հանդուրժողականությամբ և արհմիութենական միասնական համերաշխությամբ իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: