ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) աշխատանքի անվտանգությունը համարելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններից մեկը, ապրիլի 28-ը հայտարարել է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր, որը 2003 թվականից ի վեր նշվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում: Օրվա խորհուրդը առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի տարածումն է:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողների առողջության և անվտանգության պահպանումը պարտավոր է ապահովել գործատուն: Սակայն որոշ գործատուներ խուսափում են բավարար միջոցներ ներդնել աշխատանքի անվտանգության պայմաններ ստեղծելու համար:
Արդյունքում աշխատավայրերում շարունակում են տեղի ունենալ դժբախտ դեպքեր: 2015 թվականի ընթացքում գրանցվել է դժբախտ պատահարի 45 դեպք, որոնցից 5-ը՝ մահացու ելքով: Հաշվառված հաշմանդամներից 2101-ը հաշմանդամ են դարձել աշխատանքային խեղման, իսկ 278-ը` մասնագիտական հիվանդության արդյունքում:
Դեռևս չլուծված է մնում 2004թ. օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժված շուրջ 800 անձանց հասանելիք վնասի փոխհատուցման գումարների չվճարման հարցը, ներդրված չէ նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը պետք է իրականացնի համապատասխան պետական մարմինը, ի դեմս պետական տեսչության, որը 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլման ձևով վերակազմավորվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում որպես առանձին կառույց և կոչվում է Առողջապահական պետական տեսչություն: Այդ որոշմամբ փաստորեն դադարեցվել է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը որպես առանձին կառույցի:
Այսօր հանրապետությունում աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրները բազմաթիվ են և դրանք անհապաղ լուծման կարիք ունեն:
Արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղված լինի աշխատավորների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանմանը: Այս ոլորտին առնչվող օրենսդրության պահպանումը յուրաքանչյուր գործատուի համար պետք է դառնա գործունեության նորմ, որը աշխատանքի պաշտպանության պետական ռազմավարության բացակայության արդյունքում հնարավորություն է տալիս որոշ գործատուների խուսափել աշխատանքի նորմերի պահպանման պատասխանատվությունից:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի
նախագահ Էդուարդ Թումասյան