Տարածաշրջանային սեմինար
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ հունիսի 3-4-ին Ծաղկաձորում անցկացրեց սեմինար՝ <<Աշխատանքի անվտանգության ոլորտում նախազգուշական միջոցների կիրառումը նորանկախ պետությունների արհմիությունների քաղաքականության ամրապնդման գործում>> թեմայով:
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը և վերջին տարիներին արհմիությունների կոնֆեդերացիայում իրականացված բարեփոխումները։ Համոզմունք հայտնեց, որ երկօրյա աշխատանքային մթնոլորտում փոխանակված փորձն ու գաղափարներն արդյունավետ կլինեն նրանց հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:
Սեմինարին զեկուցումով հանդես եկավ Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ գլխավոր մասնագետ Սերգեյուս Գլովացկասը, որը ներկայացրեց ԱՄԿ-ի նպատակները և խնդիրները տարածաշրջանում։ Նա իր ելույթում վկայակոչելով աշխատողի առողջությանը սպառնացող վտանգավոր աշխատանքների ցանկը, ինչպես նաև աշխատավայրում արձանագրված վթարների և մահացու դեպքերի վիճակագրությունը, նշեց, որ դրանք պայմանավորված են աշխատանքի անվտանգության նորմերի խախտմամբ:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին և զեկուցումներով հանդես եկան արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդական Օլգա Նիկոլայեն, ԱՄԿ-ի Մոսկվայի ներկայացուցիչ Վալենտին Մոկանը, Օքսաննա Գերասիմովան, ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը։
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Տաջիկստանի արհմիությունների ներկայացուցիչները, որոնք իրենց ելույթներում համառոտակի ներկայացրեցին աշխատանքի պաշտպանության ոլորտում իրավիճակը և խնդիրները: Սեմինարի առաջին օրը մասնակիցները ներկայացրին աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության վերաբերյալ սեփական մոտեցումներն ու դիրքորոշումը:
Սեմինարի երկրորդ օրը Եվրոպական արհմիություների ինստիտուտի փորձագետ Վիկտոր Կեմպան իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց բյուջեի կազմում ներառված ծրագրերի նախապատրաստման գործնական քայլերը։
Ձևավորվեցին աշխատանքային խմբեր, որոնք առանձին-առանձին կազմեցին աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման նորարարական նախագծեր և գործնական քայլերի տարբերակներ:
Ամփոփելով սեմինարի աշխատանքները ԱՄԿ-ի խորհրդական Օլգա Նիկոլայեն հույս հայտնեց, որ նման հանդիպումներն ու ծրագրերը հնարավորություն են ընձեռում հաղորդակցվելու միմյանց հետ, մտքեր փոխանակելու, սովորելու միմյանցից, քանզի ԱՄԿ-ի նպատակն է ամբողջ աշխարհում ունենալ աշխատանքի անվտանգության և նորմերի պահպանման որակյալ համակարգ, որպեսզի ոլորտի մասնագետներն ավելի հիմնավոր մոտենան իրենց խնդիրների լուծմանը և կարողանան կյանքի կոչել դրանք:
ՈՒՀԿ-ի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը իր ելույթում նշեց, որ սեմինարը գործնական աջակցություն բերեց մասնակիցներին և մաղթեց հետագա ակտիվ համագործակցություն արհմիութենական աշխատանքում։