Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից  մտահոգություն է  հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:

     Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին  հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության  կենսամակարդակի  անկումն ու  անապահով  ընտանիքների քանակի աճը:

     2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը: 

   Թանկացումներ եղել են նաև  գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս  բարձրացման առիթով,  որին  հաջորդած  լայն սպառման ապրանքների և  ծառայությունների գնաճը  կարելի էր  կանխել  անհրաժեշտ  մեխանիզմների  կիրառման դեպքում,  ինչպիսին է <Աշխատավարձի  ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս  ամենին  հավելենք  առ այսօր  օրենքով չսահմանված  կենսաապահովման  նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և  հետագա տարիներին դժվար թե  հնարավոր  լինի հաղթահարել սպառնացող սոցիալական  մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել  բավարար  կենսամակարդակ և  գնողունակություն: 

   Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան  նպաստ  ստացող  114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի  են  դիմագրավել այդ  բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի  բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ  վարձավճարներին:

   Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար  կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի  ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական  լարվածությունը  զսպող մեխանիզմների  անհրաժեշտությունը:

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիա