«Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 2019 թ. դեկտեմբերին հարկման բազա ապահոված աշխատողները կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018 թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով: Աշխատողների թվի աճն ապահովվել է հիմնականում մանրածախ առևտրի (18 տոկոս), հանրային սննդի կազմակերպման (13 տոկոս), մեծածախ առևտրի (8 տոկոս), սննդամթերքի արտադրության (7 տոկոս) և ծառայության մատուցման ոլորտներում (5 տոկոս):
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվում է աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, այսինքն, ի տարբերություն մյուս իրավունքների, աշխատանքի պարագայում շեշտադրումը դրա ազատ ընտրության իրավունքն է: Գործազուրկի կարգավիճակում չհայտնվելու համար քաղաքացին ընտրում է ցանկացած աշխատանք, անկախ նրանից, ունի՞ մասնագիտություն, թե՞ ոչ: Նման իրավիճակ տիրում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես առևտրի և հասարակական սննդի, որտեղ հաճախ են պատահում աշխատանքային իրավախախտումների դեպքեր: Այստեղ մասնավորապես աշխատում են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, ովքեր կարիք ունեն աշխատելու առանց մասնագիտական կամ հատուկ հմտությունների պահանջի: Այս մարդիկ դառնում են խոցելի անբարեխիղճ գործատուների կողմից և ենթարկվում են շահագործման։ Թեպետ աշխատողների մեծ մասը գիտակցում է իր իրավունքների խախտված լինելը, սակայն, երբեմն անզոր են դրանք վերացնելու գործում և շատ դեպքերում խուսափում են բարձրաձայնելուց դրանց մասին: Անկախ գործատուի բարեխղճությունից, ոլորտի աշխատողը երբեմն էլ հակված չէ ճանաչելու սեփական իրավունքները, ծանոթանալու աշխատանքային պայմանագրի բովանդակությանը, եթե, իհարկե, պայմանագիր կնքվում է, ստորագրելուց առաջ իմանալու պայմանագրով ամրագրված աշխատանքային պարտականությունները և իրավունքները, ունենալու ստորագրած փաստաթղթի սեփական օրինակը: Իսկ պետական ու հանրային ոլորտի կողմից վերահսկողության բացակայությունը գործատուին մի ավելորդ հնարավորություն է տալիս ոտնահարելու աշխատողի աշխատանքային իրավունքը:
Խորհրդային տարիներին աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ստեղծված արհեստակցական միությունները սոցիալական մի շարք գործառույթների հետ մեկտեղ տեսչական և հասարակական հսկողություն ու վերահսկողություն էին իրականացնում աշխատանքային օրենսդրության, աշխատողների աշխատանքային իրավունքների, աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկում էին նաև աշխատողների բնակարանային և կենցաղային սպասարկումը։
Պարզելու համար, թե ներկայումս որքանով են պաշտպանված մասնավորապես առևտրի և հանրային սպասարկման ոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքները, «Իրատես»-ը զրուցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ՇՄԱՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
-Երկրի տնտեսության մեջ զբաղվածության 20-21 տոկոսն ապահովում է առևտրի և հասարակական սննդի ոլորտը, որտեղ ընդգրկված է 130-135 հազար աշխատող, նրանցից 2600-ը ճյուղային հանրապետական միության մեջ ընդգրկված արհմիության անդամներ են: Ոլորտի սոցիալական խնդիրները բավական շատ են, հանրային սննդի աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, առևտրի ոլորտի աշխատողինը՝ 130 հազար դրամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին աշխատավարձը 180 հազար է, այս ոլորտի աշխատողներն աշխատում են աշխատանքային նորմերի, ռեժիմի խախտմամբ, լիարժեք հանգստի պայմանների բացակայության պայմաններում:
Շմավոն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ոլորտի աշխատողների հանգստի իրավունքի, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջումների բացակայությունը կամ դրանց շատ կարճ լինելը ևս համատարած բնույթ են կրում: Կան աշխատավայրեր, որտեղ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների բացակայությունը սովորական երևույթ է, որտեղ գործատուները աշխատողներին ներկայացնում են այնպիսի պահանջներ, որոնք հակասում են միջազգային և ներպետական իրավական ակտերով ամրագրված աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների վերաբերյալ դրույթներին: Աշխատողները հետագայում ձեռք են բերում մասնագիտական հիվանդություններ, որոնք ամբողջ օրվա ընթացքում նստած կամ կանգնած մնալու հետևանք են: Հատկապես համատարած են ողջ աշխատաժամանակի ընթացքում աշխատողների պարտադիր կարգով, առանց բացառությունների, ոտքի վրա մնալու հարկադրանքը, որը տվյալ ոլորտի աշխատողների մոտ հաճախ հասնում է 12 ժամի:
-Առկա խնդիրներով հանդերձ այն կազմակերպություններում, որտեղ ստեղծվել են արհմիություններ և անդամակցում են ճյուղային միությանը, գործատու-արհմիություն հարաբերություններում սոցիալական գործընկերությունը կարող եմ համարել բավարար, քանի որ արհմիութենական կազմակերպության առկայության պայմաններում արհմիությունը աշխատողի իրավունքի պաշտպան լինելուց բացի նաև պատասխանատվություն է կրում կոլեկտիվ հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար: Այդ պարագայում գործատու-արհմիություն հարաբերությունները կրում են կանոնակարգված բնույթ և երկուստեք ստանձնում են խնդիրների լուծման պատասխանատվությունը,- ասաց Շ. Մկրտչյանը:
Զրուցակիցս արհմիություն-գործատու հարաբերություններում կարևորեց կոլեկտիվ պայմանագրի դերը, որը սոցիալական գործընկերության համերաշխության, խնդիրների լուծման արդյունավետ եղանակների որոշման միջոց է: Այդ պայմանագրի առկայությունը հնարավորություն է տալիս արհմիությանը գործատուի հետ բանակցության արդյունքում լուծել աշխատողի աշխատանքի հետ կապված բազմաթիվ հարցեր: Վերջերս աշխատանքից ազատման և արձակման նպաստի չվճարման համար բողոքով ՃՀՄ-ին դիմել էր ոլորտի մի աշխատակից, որի խնդիրը ՃՀՄ-ի նախագահի միջամտության շնորհիվ դրական լուծում ստացավ:
-Ցավոք, այն կազմակերպություններում, որտեղ չկան արհմիութենական կազմակերպություններ, նմանատիպ խնդիրների հետ կապված ճյուղային միությունը միջամտելու իրավունք չունի: Աշխատողի իրավունքների խախտման մեկ այլ պատճառ է աշխատանքային պայմանագրի բացակայությունը կամ դրա բովանդակության մասին անտեղյակությունը, աշխատողն աշխատանքի ընդունվելիս ստորագրում է աշխատանքային պայմանագիրն առանց բովանդակությանը ծանոթանալու: Եթե անդրադառնամ խորհրդային տարիներին, չկարծեք, թե խոսքը կարոտախտին է վերաբերում, պարզապես այն ժամանակ աշխատողին, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելիս պահանջվում էր նաև արհմիության համաձայնությունը: Այսօր նման մեխանիզմ չկա, արհմիության նախաձեռնությամբ գործադուլ կազմակերպելը գործնականում անհնար է, գործատուի հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելը՝ կամավոր,- մեկնաբանեց Շ. Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ` արհմիությունների գործունեության մասին այսօր հանրության շրջանում իրազեկման խնդիր կա, քանի որ վերջինիս պատկերացմամբ` արհմիությունները սոսկ առողջարանի, ճամբարների ուղեգրեր, բնակարարաններ, ավտոմեքենաներ տրամադրող միություն են, հետո միայն, երբ աշխատանքի հետ կապված խնդիրներ են ծագում, հիշում են, որ արհմիությունները իրենց աշխատանքային խախտված իրավունքների պաշտպանն են:
-Առևտրի և սպասարկման ոլորտում արհմիութենական կազմակերպություններ ձևավորելը փոքր-ինչ խնդիր է այն առումով, որ առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների ցանցը տարածված է հանրապետության ողջ տարածքով, տարբեր գործատուներ են, տարբեր բաժանմունքներ, դրանք լուրջ խոչընդոտներ են արհմիութենական կազմակերպություն ստեղծելու ճանապարհին, և դրանք կոորդիանացնելն ու դրանց հետ միասնական աշխատանք տանելը բավականին բարդ է: Բացի դրանից, գործատուները խուսափում են իրենց ընկերություններում արհմիության ներկայությունից, նրանց կարծիքով` արհմիության նպատակը գործադուլների միջոցով իրենց գործունեությանը խոչընդոտելն է: Մինչդեռ արհմիության նպատակն է գործատուի հետ համագործակցության հենքի վրա նպաստել նաև տնտեսության և բիզնեսի զարգացմանը, որի արդյունքում արհմիություն-գործատու համագործակցությունից կշահի ոչ միայն աշխատողը, ում աշխատանքային իրավունքները կպաշտպանվեն, աշխատանքային պայմանները կբարելավվեն, այլև կշահեն գործատուն ու նրա բիզնեսը, և գործատուներն այլևս արհմիությունը չեն ընկալի որպես «բոբո»,- ասում է Շ. Մկրտչյանը:
Նա անդրադարձավ նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը, նշելով, որ ներկայիս տեսչական մարմնի գործունեության շրջանակը սահմանափակ է, որ այսօր արհմիություն-տեսչական մարմին կապը գրեթե բացակայում է, մինչդեռ համատեղ գործունեության դեպքում կարող են վերահսկողություն սահմանել հիմնարկ-ձեռնարկություններում աշխատողների առողջության և նրանց աշխատանքային պայմանների բարելավման հարցերի նկատմամբ:
-Աշխատանքի պետական տեսչության վերականգնումը ժամանակի հրամայականն է, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կառավարության համապատասխան որոշումներ: Տեղյակ եմ, որ այս օրերին այդ հարցը օրակարգային է: Ես կարծում եմ, որ արհմիութենական ընտանիքը ուժերը համախմբելու, կոլեկտիվ հնարավորությունների օգտագործման լուրջ ռեսուրս է: Դիտարկենք թեկուզ անդամավճարի տեսանկյունից, որոնց միջոցով լուծվում են աշխատողների իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական, հանգստի, մշակութային միջոցառումների խնդիրները: Դե, պատկերացրեք, անդամավճարների բացակայության դեպքում գործատուն այդ ամենի համար պետք է ֆինանսներ հատկացնի, իսկ արհմիության գոյության պարագայում նա այդ ֆինանսները կուղղի արտադրության արդիականացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչի արդյունքում կբարձրանա տնտեսության շահութաբերությունը,- մեր զրույցի ավարտին ասաց Շմավոն Մկրտչյանը:
Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը՝ irates.am
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն