Երևան, 06.12.2024

Կայքի հին տարբերակը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

2019 թվականի հուլիսի 23-ին ծանր հիվանդությունից մահացել է ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար, Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Արիստակեսի Վաղարշակյանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Գառնիկ Վաղարշակյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Իր մարդկային արժանիքներով, հայ մանկավարժի ու մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու արհեստավարժությամբ Գառնիկ Վաղարշակյանն օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։ Հաճախակի հրապարակվող հոդվածներում նա իր անաչառ գնահատականն ու դիրքորոշումն է հայտնել հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած իրադարձության վերաբերյալ:

Գառնիկ Վաղարշակյանն իր ակտիվ ու սկզբունքային դիրքորոշմամբ մշտապես եղել է արհմիությունների դերի ու հեղինակության բարձրացմանը նպաստող գործունեության կիզակետում, իր լուման ներդրել կրթական ոլորտում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների ձևավորման գործընթացում: Նրա կազմակերպչական ու ոգեշնչող ջիղը եղել է արհմիության շարքերում երիտասարդության ներգրավման գրավականը:

Գառնիկ Վաղարշակյանը ծնվել է 1951 թ. դեկտեմբերի 12-ին:

1968-1972 թթ. սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը:

1972-1973 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1974-1977թթ. աշխատել է Երևան քաղաքի տարբեր կրթօջախներում` դասավանդել է մաթեմատիկա դպրոցում, պրոֆտեխուսումնարանում, տեխնիկումում, բուհում:

1977-1991թթ. աշխատել է ՀՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում` զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

1991-1994թթ. ընտրվել է Հայաստանի բուհերի աշխատողների և ուսանողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ:

1994-1997թթ. ընտրվել է որպես վերոգրյալ միության նախագահի պաշտոնակատար:

1997-2002թթ. ընտրվել է Հայաստանի բուհերի աշխատողների և ուսանողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ:

2002-ից հանդիսացել է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ:

2012թ. նշանակվել է ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար:

Հանդիսացել է Արհմիությունների համընդհանուր համադաշնության խորհրդի անդամ (ք.Մոսկվա):

ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Միջին կրթության ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամ:

ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ներկայացրել է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը Կրթության Ինտերնացիոնալի կազմում (ք.Բրյուսել):

Պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի շնորհակալագրով, ԱՊՀ երկրների Կրթության և գիտության աշխատողների միջազգային արհմիութենական կազմակերպության պատվոգրով, ՀԱՄԿ-ի և ԱՊՀ երկրների Արհմիությունների համընդհանուր Համադաշնության պարգևներով:

Շուրջ 400 հրապարակումների և երկու գրքերի հեղինակ է:

Գառնիկ Վաղարշակյանն ամուսնացած էր, ուներ 3 զավակ և 6 թոռ:

Նրա անժամանակ մահը հիրավի մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, այլև Բուհերի արհեստակցական կազմակերպությունների անդամների, նրան խորապես ճանաչողների ու գնահատողների համար: