Հաստատված է ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում
6 հոկտեմբերի 2017թ.
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ>>
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2017-2022թ.թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳԻՐ
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան (այսուհետ` ՀԱՄԿ), համագործակցելով անդամ ճյուղային հանրապետական միությունների (այսուհետ` ՃՀՄ) հետ, իր գործունեությունը նպատակաուղղում է.
-արհմիութենական շարժման համերաշխության ու միասնականության ամրապնդմանը,
-աշխատանքի ոլորտում սոցիալական գործընկերության համակարգի կայացմանն ու զարգացմանը,
-միջազգային արհմիութենական շարժման սկզբունքների իրագործմանը:
ՀԱՄԿ-ը պաշտպանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկված արժանապատիվ աշխատանքի գաղափարը, որը սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման հիմնական առանցքներից է:
Աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված իրավունքների ու շահերի ներկայացման և պաշտպանության, նրանց շրջանում արհմիությունների հեղինակությունն ու վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև կոնֆեդերացիայի գործունեության հրապարակայնությունն ապահովելու համար` համագումարն անհրաժեշտ է համարում ՀԱՄԿ-ի և ՃՀՄ-ների գործողությունները նպատակաուղղել հետևյալ ուղղություններով:
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԿ-ը կարևորում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության համակարգի զարգացումը և կատարելագործումը:
1.1. Նպաստել սոցիալական գործընկերության համակարգի զարգացման գործում պետական մարմինների և գործատուների հետ համագործակցությանը:
1.2. Աջակցել ՃՀՄ-ների անդամ արհմիութենական կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի մշակմանը:
1.3. Շարունակել մասնակցությունը աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը շոշափող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ քննարկումներին:
1.4. Համագործակցել ՀՀ տեսչական մարմնի հետ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հարցերով:
1.5. Հետամուտ լինել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված աշխատանքային հարաբերությունները կարգավորող միջազգային իրավական ակտերի կիրարկմանը:
1.6. Աշխատանքներ տանել կոլեկտիվ բանակցությունների վարման, կոլեկտիվ պայմանագրերի մշակման հարցերով արհմիութենական ակտիվի ուսուցման ուղղությամբ:
2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԿ-ը կարևորում է աշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանների սահմանադրական իրավունքի ապահովումը.
2.1. Շարունակել աջակցությունը ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ներին, արհմիության անդամներին և այլոց աշխատանքային իրավահարաբերություններում խորհրդատվությունների տրամադրման գործում:
2.2. Հետամուտ լինել`
1) կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի ու կառուցվածքի սահմանմանը.
2) միջազգային իրավական ակտերով նախատեսված նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգի ներդրմանը և կիրառմանը.
3) նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգի ընդունմանը:
2.3. ՀԱՄԿ-ի կազմում ՃՀՄ-ների արհմիության անդամ աշխատողների աշխատանքային իրավունքները և դրա հետ կապված շահերը պաշտպանելու համար ՃՀՄ-ի միջնորդությամբ ապահովել ՀԱՄԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը դատական գործընթացներին:
2.4. Հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման համար, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հարցերով արհմիության անդամների շրջանում իրականացնել իրազեկման և տեղեկատվական աշխատանքներ:
3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԿ-ի գործունեության ուղղություններից է աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների սահմանադրական իրավունքի ապահովման համար միջոցառումների իրականացումը:
3.1. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների միջնորդությամբ աջակցություն ցուցաբերել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերում:
3.2. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների հետ իրականացնել ոչ պետական վերահսկողություն գործատուի կողմից աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովման նկատմամբ:
3.3. Հետամուտ լինել.
1) աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի քննության և հաշվառման միասնական կարգի ընդունմանը.
2) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին համապատասխան իրավական ակտի ընդունմանը.
3) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության վերաբերյալ իրավական ակտի ընդունմանը:
4. ՆԵՐԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքը արհմիությունների համերաշխության և միասնականության ամրապնդումն է:
4.1. Օժանդակել ՃՀՄ-ների գործունեությանը` արհմիության անդամակցության շարժառիթների ուժեղացման, արհմիության անդամների և արհմիութենական կազմակերպությունների թվաքանակի ավելացման ուղղությամբ:
4.2. Շարունակել աշխատանքները արհմիութենական կադրերի ուսուցման համակարգի հետագա կատարելագործման և զարգացման ուղղությամբ:
4.3. Կազմակերպել արհմիութենական կադրերի ուսուցումը, ներդնել ակադեմիական և նորարական ուսուցման ձևեր, կիրառելով ժամանակակից տեղեկատվական և կրթական տեխնոլոգիաներ, հրատարակել մեթոդական ձեռնարկներ:
4.4. ՀԱՄԿ-ի և անդամ ՃՀՄ-ների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառել սոցիոլոգիական հետազոտությունների հնարավորությունները` այդ աշխատանքներում ներգրավելով ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ներին:
4.5. ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների հետ համատեղ աշխատանքներ տանել անդրազգային ընկերությունների, արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների աշխատողներին արհմիության շարքերում ներգրավելու ուղղությամբ:
4.6. Իրականացնել ՀԱՄԿ-ի, ՃՀՄ-ների և ահմիութենական կազմակերպությունների գործունեության տեղեկատվական հոսքի ամփոփումը և տարածումը ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքի միջոցով, այն դարձնելով հասարակայնության և մասնավորապես արհմիության անդամների համար հաղորդակցության, ինչպես նաև օպերատիվ և արհմիութենական տեղեկատվության, միջազգային արհմիութենական շարժման վերաբերյալ իրազեկման հասանելի միջոց:
4.7. ՀԱՄԿ-ի և ՃՀՄ-ների գործունեությունը հանրային իրազեկման կազմակերպման նպատակով ընդլայնել համագործակցույթյունը զանգվածային լրատվության միջոցների հետ:
4.8. Միջոցներ ձեռնարկել ՀԱՄԿ-ի աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ու ՀԱՄԿ-ի տնտեսական և գույքային բազայի արդյունավետ օգտագործման և ամրապնդման ուղղությամբ:
4.9. Շարունակել աշխատանքները արհմիութենական կազմակերպություններում կանանց և երիտասարդների ինտեգրումն ապահովելու ուղղությամբ:
4.10 Աշխատողների շրջանում արհմիության անդամակցության բարձրացման նպատակով ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների հետ համատեղ մշակել և իրականացնել համապարփակ ռազմավարություն:
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԿ-ը միջազգային համագործակցության շրջանակներում իր գործունեությունը կշարունակի իրականացնել արտերկրների արհմիութենական կենտրոնների հետ համերաշխության սկզբունքի հիման վրա:
5.1. Շարունակել անդամակցությունը Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիային, Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիային:
5.2. Շարունակել համագործակցությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների հետ:
5.3. Միջոցներ ձեռնարկել Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներում, Եվրոպական սոցիալական խարտիայում և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված աշխատանքի միջազգային նորմերի և արհմիությունների իրավունքների իրականացման համար:
5.4. Ուսումնասիրել և ՃՀՄ-ների շրջանում տարածել միջազգային արհմիութենական փորձը:
* * *
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը վստահություն է հայտնում, որ ՀԱՄԿ-ը անդամ ՃՀՄ-ների հետ, համախմբվելով և ակտիվացնելով համատեղ գործողությունները, իր ավանդը կներդնի արհմիության անդամների աշխատանքային ու դրա հետ կապված իրավունքների ու շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ աշխատանքի, սոցիալական գործընկերության համակարգի զարգացման գործում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


