ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի աշխատավորներ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության անխափան զարգացման:
Ակնհայտ է, որ լիարժեք կյանքի ապահովման հիմնական աղբյուրը արժանապատիվ աշխատանքն է: Վերջին երկու տասնամյակում ժամանակն ու հանգամանքները թեև փորձեցին ստվերել տոնի իմաստը, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միշտ կարևորել և կարևորում է աշխատանքը որպես աշխատավոր մարդու համար իրական արժեք, որպես սեփական օջախի ու երկրի ամրապնդման միակ գրավական:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարևորելով սոցիալական գործընկերության վրա ձևավորված համագործակցությունը և մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով, բազմիցս առաջարկել է ՀՀ կառավարությանը սահմանել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի չափը: Տարեցտարի գրանցվող գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը փաստող վիճակագրությունը արհմիություններին պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության համար մղվող ջանքերը:
Աշխատանքի օրվա առթիվ կրկին շնորհավորում ենք արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում ձեզ Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ