ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի Միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր: Այդ օրը սահմանվել է համաշխարհային հասարակության ուշադրությունը առողջ և անվտանգ աշխատանքի խնդիրներին ուղղելու, ինչպես նաև առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթը տարածելու նպատակով, ինչը թույլ կտա աշխատողներին աշխատել անվտանգ պայմաններում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունք է վերապահված, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
Մինչդեռ հանրապետությունում շարունակում են աճել աշխատավայրերում տեղի ունեցած դժբախտ դեպքերի թիվը, այդ թվում նաև մահացու ելքով: 2014 թվականի դրությամբ հաշվառված հաշմանդամներից 939 մարդ հաշմանդամ են դարձել աշխատանքային խեղման, իսկ 298-ը` մասնագիտական հիվանդության արդյունքում:
2004թ օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժված շուրջ 800 անձանց չի վճարվում իրենց հասանելիք վնասի փոխհատուցման գումարները, քանի որ վնասի հատուցման համար գումարների կապիտալացման կարգում լուծում չի տրված վերոհիշյալ անձանց խնդրի լուծման համար: Մինչ օրս ներդրված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրությունը :
Բացի այդ, հանրապետությունում բացակայում է անվտանգ աշխատանքի ապահովման համար լիարժեք նորմատիվ-իրավական բազան: Սահմանված չեն նաև «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոնները և նորմերը»: Հանրապետությունում բացակայում է աշխատանքի պաշտպանության պետական ռազմավարությունը:
Աշխատողների անվտանգ աշխատանքի իրավունքը պետք է ուղղված լինի աշխատողների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության խթանմանը և պահպանմանը, առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող ռիսկերից աշխատողների պաշտպանությանը: Պատշաճ և անվտանգ պայմանների ստեղծումը, արտադրությունում տուժվածների մասին հոգածությունը պետք է լինի ինչպես գործատուների, այնպես էլ իշխանության գործունեության հիմնախնդիրը:
Առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականության նպատակը պետք է լինի աշխատավորների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանումը: Առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտի օրենսդրության պահպանումը պետք է դառնա կյանքի նորմը յուրաքանչյուր գործատուի համար, որը դժբախտ դեպքերը և վթարները կանխարգելելու համար պարտավոր է ստեղծել ձեռնարկություններում անվտանգ պայմաններ:
Աշխատավայրում անվտանգության և առողջության համակարգերի կիրառումը նպաստավոր են ոչ միայն աշխատողների, այլ նաև կազմակերպությունների տնտեսական զարգացման համար: Աշխատողների համար անվտանգ միջավայրի բացակայությունը նշանակում է չաշխատած օրերի պատճառով կրած վնասներ, կորցրած ներդրումներ և կապիտալ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պաշտպանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությունը 2015 թվականին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա թեմայի վերաբերյալ, այն է` «Միասին բարձրացնենք աշխատանքի պաշտպանության կանխարգելման մշակույթը»