Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի 9-րդ համագումարը

   2015 թվականի փետրվարի 7- ից 9-ը Սոչիի Օլիմպիական գլխավոր մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի  9-րդ համագումարը, որին  մասնակցում էր 21 միլիոն արհմիութենկան անդամակցություն  ունեցող արհմիությունների 700 պատվիրակներ:

   Համագումարի աշխատանքներին մասնակցեցին և ելույթ ունեցան Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շարոն Բարրոուն: Համագումարի մասնակիցների թվում էին  նաև ՌԴ կառավարության անդամներ, Պետդումայի պատգամավորներ, գործատուների միությունների, քաղաքական կուսակցությունների, գիտական  և ստեղծագործական հասարակական կազմակերպությունների,  ինչպես նաև 30 արտասահմանյան երկրների շուրջ 70 ներկայացուցիչներ:

   Համագումարին  հրավիրված էր և նրա աշխատանքներին  մասնակցում էր  նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

   Համագումարում  հաշվետվությամբ  հանդես  եկավ Ռուսաստանի անկախ արհմիությունների  ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը, որը  ներկայացրեց  նախորդ  համագումարում  ստանձած պարտավորություններն ու կատարված աշխատանքները,  ֆեդերացիայի տակտիկական  և ստրատեգիական  հետագա  քայլերը, ինչպես  նաև աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական  և արհմիութենական աշխատողներին  հետաքրքրող բազմաթիվ հարցեր:

   Ռուսաստանի  անկախ արհմիությունների ֆեդերացիայի  նախագահի ընտրության արդյունքում նախագահ  վերընտրվեց Միխայիլ Շմակովը: 9-րդ համագումարում  ընտրվեց  նաև  172 անդամից բաղկացած ֆեդերացիայի գլխավոր խորհուրդը, գործադիր կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

   Համագումարը փոփոխություններ կատարեց  Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի  կանոնադրության  մեջ և հաստատեց  <Արժանապատիվ աշխատանքը՝ մարդու բարեկեցության  և երկրի  զարգացման  երաշխիք> ծրագիրը:

   Համագումարում  բազմաթիվ քննարկումների արդյունքում ընդունվեց բանաձև՝ <Արհմիությունների ֆինանսական բազայի ամրապնդում-ուժեղ արհմիությունների ստեղծման  պայմանով, որն  ի վիճակի է պաշտպանել արհմիության  անդամների տնտեսական և սոցիալական  շահերը, ինչն էլ  հանդիսանում է Ռուսաստանի արհմիութենական  շարժման  գործունեության հաջողության գրավականը>: