Ոչ ֆորմալ տնտեսությունը արհմիությունների քննարկումների կիզակետում
2014 թ. սեպտեմբերի 17-19-ը Երևանի <Կոնգրես> հյուրանոցում Աշխատանքի միջազգային կազմակերպությունն /ԱՄԿ/ ու Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան /ԱՄԿ/ համատեղ անցկացրեցին <Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների գործունեության քաղաքակնությունը> թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների արհմիութենական կազմակերպությունների լիդերներ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը ողջունելով ներկաներին հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կխթանեն արհմիությունների գործունեությանն ու համագործակցությանը:
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի Եվրոպական կառույցի գործադիր քարտուղար Գրիգորի Գրադևը շնորհակալություն հայտնեց պարոն Է. Թումասյանին հյուրընկալության համար, միաժամանակ հավաստիացրեց, որ սեմինարի ընթացքում արհմիությունների գործունեությունը խոչընդոտող ոչ ֆորմալ տնտեսության պատճառած արգելքները հաղթահարելու ուղղությամբ գործադրվող արհմիությունների ջանքերը հուսադրող են:
Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի աշխատավորության գործունեության գլխավոր մասնագետ Սերգեյուս Գլովացկասն իր ելույթում կարևորեց վերջին 12 տարիներին ոչ ֆորմալ աշխատանքի վերաբերյալ ԱՄԿ-ի կողմից կատարված հետևողական աշխատանքները: Ըստ նրա աշխարհի և մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների համար ոչ ֆորմալ ՝ ստվերային աշխատանքը նոր երևույթ չէ, ստվերային աշխատողների թիվն էլ քիչ չէ, որոնք սոցիալ-տնտեսական պայմաններից և առկա իրավիճակից ելնելով, ստիպված են կատարել այս կամ այն աշխատանքը, որը ապահովում է կարճաժամկետ եկամուտ:
Բուլղարիայի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Պլամեն Դիմիտրովը <Ոչ ֆորմալ տնտեսությունից անցում ֆորմալ տնտեսության> թեմայով իր զեկույցում նշեց, որ ոչ ֆորմալ տնտեսության խնդիրը մտահոգիչ է այն առումով, որ այն ընդգրկում է գրեթե բոլոր երկրները, ուստի լուրջ մարտահրավեր է համաշխարհային տնտեսության զարգացման համար:
Սեմինարի ընթացքում Բելգիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Կիրգիզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից ժամանած և Հայաստանի արհմիությունների ներկայացուցիչները քննարկումների ընթացքում հանգեցին ընդհանուր եզրակացության, ըստ որի ունենալով համատարած բնույթ, ստվերային աշխատանքը մեծապես ազդում է տվյալ պետության բնակչության կենսամակարդակի և եկամուտների վրա:
Սեմինարի ընթացքում քննարկվեց նաև այս կամ այն երկրում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակն ու արհմիությունների վարած քաղաքականությունը: Թեմայի վերաբերյալ <Սոցիալական պաշտպանության նվազագույն շեմը> զեկուցումով հանդես եկավ ԱՄԿ-ի սոցիալական պաշտպանության գլխավոր մասնագետ Մարիկո Օուչին:
Իր ելույթում ոչ ֆորմալ տնտեսության մարտահարավերներին անդրադարձավ Մոլոդովայի Աշխատանքի ինստիտուտի տնօրեն Վսեվոլոդ Բարբանեագրը:
Սեմինարի վերջում ԱՄԿ-ի ժնևյան գրասենյակի ներկայացուցիչ Ժան Դյուրունսուան մասնակիցներին ներկայացրեց <Քսանի խմբի մասնագիտական վերապատրաստման ռազմավարության կիրառում> ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել մասնագիտական կրթության ազգային համակարգերը: Ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել բնակչության զբաղվածության հնարավորությունները:
Սեմինարի ամփոփիչ ելույթներում Ժան Դյուրունսուան և ԱՄԿ-ի համակարգող Ելենա Կուդրյավցևան հաջողություններ մաղթեցին մասնակիցներին հույս հայտնելով, որ արհմիություններն ավելի ակտիվ կլինեն աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում: