Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ
Սեպտեմբերի 10-ին <Մեդիա կենտրոն>-ի սրահում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, <Թրանսփարենսի ինթերնեշնլ> հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և ՀՀ ագրոարհմիության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանը:
Ըստ Թ.Ավետիսյանի աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների համար հիմք են հանդիսացել նախարարության կողմից իրականացված մոնիթորինգների և վերլուծությունների ընթացքում աշխատողներից, գործատուներից, հասարակական կազմակերպություններից հավաքված կարծիքները, բողոքներն ու առաջարկությունները: Եվ քանի որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպական Սոցիալական խարտիան, Աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներ և վավերացնելով միջազգային իրավունքի այդ փաստաթղթերը՝ ձեռք է բերել նաև որոշակի պարտավորություններ, ուստի պետք է օրենսդրական դաշտը համապատասխանեցնի միջազգային փաստաթղթերում ամրագրվածին:
Աշխատանքային օրենսգրքում ներկայացված փոփոխությունների նախագծում ներառված են շուրջ 50 հոդված: Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերություններին, հատուկ կամ մասնագիտական ստաժային հասկացությանը, փորձաշրջանի ժամկետն ավարտելուց հետո աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին, ի դեպ առաջարկվում է հանել նաև աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը և այլն:
Սակայն ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի համոզմամբ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծում բացակայում են մի շարք սկզբունքային հարցեր, որոնցից նա առաջնային համարեց հարկադիր աշխատանքի սահմանումը, ինչը բացակայում է ՀՀ իրավական ակտերում: Բ. Խարատյանի համոզմամբ աշխատանքային հարաբերություններում հիմնական խնդիրը աշխատանքի վարձատրությունն է: <Բոլոր երկրներում աշխատանքի վարձատրությունը կառուցվում է հաշվի առնելով նվազագույն աշխատավարձը, որը հաշվարկվում է տարբեր ձևերով: Եթե, օրինակ, որոշ երկներում հաշվի են առնում սպառողական զամբյուղը կամ միջին աշխատավարձը, ապա մեզ մոտ որևէ կոնկրետ ձև գոյություն չունի: Աշխատանքային օրենսգրքով սահմանված չէ նաև <նվազագույն աշխատավարձ> հասկացությունը>:
Պարոն Խարատյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ՀԱՄԿ-ում առ այժմ քննարկման փուլում են: