Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՄԿ-ը 27 հունիսի 2014 թվականի գործադիր կոմիտեի նիստում քննարկեց <ՀԱՄԿ-ի դիրքորոշումը <Կուտակային կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքի վերաբերյալ> հարցը, որտեղ որոշում ընդունվեց դիմել ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը:
10.07.2014 թ-ին ՀԱՄԿ-ը նամակով դիմեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ վարչապետին, որում մանսավորապես նշված էր.
Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանները աշխատողների զգալի մասի համար չեն ապահովում արժանավայել կյանք: Բացակայում է այն հստակ պատկերացումը, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքային ու դրա հետ կապված իրավունքները իրականում գործում են, քանի որ, անտեսելով հազարավոր երիտասարդների բողոքը, ընդունվեց պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը:
Նշված օրենքը գործողության մեջ դնելիս հաշվի չեն առնվել բնակչության կենսաապահովնման նվազագույն պահանջները:
1. Չեն իրականացվում ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջները, որի համաձայն` <Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար>: Oրենսդրական որևէ ակտով սահմանված չէ բավարար կենսամակարդակի հասկացությունը և այդ իրավունքի իրականացման մեխանիզմները:
2. <Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին> ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004թ.-ից պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և մեթոդական հանձնարարականների հիման վրա, որոնք մինչ օրս հաստատված չեն:
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:
3. Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականին վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության □Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին□ թիվ 131 Կոնվենցիան, պարտավորվել է նվազագույն աշխատավարձ սահմանելիս իրականացնել տվյալ կոնվենցիայի պահանջը` նվազագույն աշխատավարձը սահմանելիս պետք է հաշվի առնվեն աշխատողների և նրանց ընտանիքների պահանջները` հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակն ու կենսաապահովման նվազագույն ծախսերը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում սահմանված չէ նվազագույն աշխատավարձի որոշման մեխանիզմը:
4. Նշենք, որ չի իրականացվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը` <Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով>:
Հիշյալ խնդիրների մասին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան բազմիցս բարձրաձայնել է տարբեր ատյաններում, գրություն է գրվել նաև ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս դրանց լուծում չի տրվել:
Տեղեկցնում ենք նաև, որ 2009թ. ապրիլի 27-ին կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր ՀՀ կառավարության, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև, որը գործում է մինչև 2015 թվականը:
Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կողմերը պայմանավորվել են, <…որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքի` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը>:
Մինչդեռ, 2009 թվականից հետո ընդունված <Նվազագույն աշխատավարձի մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հինգ ՀՀ օրենքները, <Կուտակային կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը ընդունվել են առանց Հանրապետական եռակողմ հանձնաողովի քննարկման:
Ելնելով վերը շարադրվածից, ակնկալում ենք ՀՀ կառավարության կողմից համապատասխան գործողությունները` նվազագույն աշխատավարձի հասկացությունը և որոշման մեխանիզմը սահմանելու, <Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելու, ինչպես նաև բավարար կենսամակարդակի և աշխատավարձի ինդեքսավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման գործում, ինչը էապես կնպաստի Հայաստանի Հանրապետության իրավական և սոցիալական պետության կայացմանը: