Արհմիություններ-գործատուներ համագործակցությունը շարունակվում է
2014 թ. հուլիսի 8-ին Երևանի Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի <Էրեբունի> սրահում կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության /ՀԳՀՄ/ 3-րդ համագումարը, որին հրավիրված էին նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանը, ՀՀ <Էլեկտրամիություն> ՃՀՄ-ի նախագահ Կարինե Ալոյանը, Հայաստանի արդյունաբերության ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանը, Հայաստանի առևտրի և սննդի սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Շմավոն Մկրտչյանը:
Էդուարդ Թումասյանը համագումարի առիթով շնորհավորելով ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանին մասնավորապես ասաց.
-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ Հայաստանի գործատուների հանրապետական միության 3-րդ համագումարի մասնակիցներին:
Վերջին տարիներին ակնառու է Հայաստանի գործատուների միության լայնածավալ գործունեությունը, որը միտված է սոցիալական գործընկերության կայացմանն ու ամրապնդմանը, գործարար համայնքի շահերի պաշտպանությանը, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կենսամակարդակի ապահովմանը:
Համոզված ենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համագործակցության պայմանագիրն էլ ավելի կխորացնի փոխհամագործակցությունն ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը:
Համագումարին մաղթում եմ շահագրգիռ քննարկումներ և արդյունավետ աշխատանք: