Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խրախուսում է արհմիությունների թափանցիկ գործելաոճը»

«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խրախուսում է արհմիությունների թափանցիկ գործելաոճը»

Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

 

-Դուք մասնակցել եք մայիսին Բեռլինում կայացած Արհմիությունների միջազգային կազմակերպության կոնգրեսին: Ի՞նչ տպավությամբ եք վերադարձել:

 

-Տպավորությունն, ինչ խոսք, մեծ է, քանի որ 160 երկրներից ժամանած շուրջ 1700 պատվիրակությունների ներկայացուցիչների հետ շփվելու լայն հնարավորություն էր ստեղծվել: Զրույցներից ու քննարկումներից ակնհայտ էր, թե զարգացող բազմաթիվ երկրներում արհմիությունների հանդեպ որքան մեծ է  հավատն ու վստահությունը,  որ այդ երկրներում արհմիությանն անդամակցելը թե և դժվար, սակայն պատվաբեր է: Ի դեպ, կոնգրեսին բացման խոսքով հանդես եկավ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, հրավիրված էին նաև Գերմանիայի Աշխատանքի նախարարը, Ավստրիայի պառլամենտի նախագահն ու տարբեր երկրների պաշտոնատար անձիք:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Արհմիությունների միջազգային կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր Ազատ արհմիությունների կոնֆեդերացիա, կազմավորվել է Վիեննայում 2006 թվականին: Ներկայումս նրա կազմում ընդգրկված է աշխարհի 160 երկրների շուրջ 170 միլիոն մարդ: Հայաստանն ԱՄԿ-ի լիիրավ անդամ է  դարձել 2013 թվականից:

 

-Կոնգրեսում հիմնականում ի՞նչ հարցեր էին քննարկվում:

 

-Նախատեսված հարցերի շրջանակում ներառված էին արհմիութենական նոր ճյուղերի ձևավորման, արհմիությունների շարքերն ընդլայնելու, երիտասարդության զբաղվածության վերաբերյալ հարցերը: Կոնգրեսն անդրադարձավ նաև Չիլիի կառավարության կողմից գործադուլները կանխող որոշմանը: Այդ երկրի արհմիությունների լիդերը նշեց, որ իրենք պայքարում են այդ որոշման դեմ և որ ակնկալում են  Գայ Ռայդերի աջակցությունը:

Քննարկվող թեմաներից է ին նաև Թուրքիայում հանքափորների աշխատանքային պայմաններն ու նրանց հետ կատարված դժբախտ պատահարը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Կիևի Արհմիությունների տան և ունեցվածքի գրավումը:Կոնգրեսում խոսվեց նաև Հնդկաստանում ձևավորված նոր՝ շուրջ մեկ միլիոն անդամ ունեցող տնայնագործական արհմիութենական շարժման մասին, շարժում, որը մեզ մոտ բացակայում է, թեև մենք ունեցել ենք տնայնագործական կազմակերպություններ:

Ի դեպ, աշնանը ԱՄԿ-ի աջակցությամբ Հայաստանում նախատեսվում է անցկացնել <Արհմիության դերը ոչ ֆորմալ տնտեսություններում> թեմայով միջազգային կոնֆերանս, որտեղ արծարծվելու են տնայնագործական կազմակերպությունների գործունեության ու նրանցում աշխատող մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը:

 

-Ո՞րն է այն նորն ու առաջավորը, որը կցանկանայիք ներդնել Հայաստանի արհմիությունների գործունեության մեջ:

 

-Այն բոլոր նորամուծություններն ու ծրագրերը, որոնց մասին խոսվեց բեռլինյան կոնգրեսում, Հայաստանի արհմիութենական կազմակերպությունների գործունեոթյան մեջ վաղուց  կիրառվում են, բացառությամբ, ինչպես նշեցի՝ տնայնագործական կազմակերպությունների: Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա ուզում եմ առանաձնահատուկ նշել ՀԱՄԿ-ի երիտասարդական թևի ակտիվ գործունեության մասին, որն անմիջապես արձագանքում է հանրային հնչեղություն ունեցող սոցիալական ցանկացած խնդրին կամ շարժմանը: Անշուշտ, արհմիությունների թափանցիկ աշխատաոճի արդյունքում էր, որ ԱՄԿ-ի որոշմամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային շնորհվեց նույն կառույցի լիիրավ անդամի կարգավիճակ: