Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

Հայաստանի ճյուղային արհմիությունների ուղերձը

միջազգային արհմիութենական հանրությանը

 

Հարգելի՛ գործընկերներ:

2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ:

Այս հակամարտությունն ունի երկար պատմություն:

Դեռևս 1918թ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, հռչակեց իր անկախությունը, հրաժարվեց մտնել առաջին Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և դիմակայեց թուրք-ադրբեջանական ջարդերին: 1921թ. հուլիսի 4-ին Հարավային Կովկասում Սովետական Հանրապետությունների ձևավորման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դարձավ Հայկական ՍՍՀ մասը, սակայն հաջորդ իսկ օրը Ստալինի անմիջական միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար փոխանցվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ):

Անգամ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Ադրբեջանական ՍՍՀ իշխանությունները հետևողականորեն խտրականություն էին դրսևորում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայկական ազգաբնակչության նկատմամբ:

1988թ-ին օգտվելով ինքնորոշման իրավունքից, ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների Մարզային Խորհուրդը ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարություններին միջնորդություն հղեց Ղարաբաղը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթ և Բաքու քաղաքներում ապրող հայերի զանգվածային ջարդեր և կոտորած:

1991թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Լեռնային ղարաբաղի ժողովուրդը հաստատեց Ադրբեջանի կազմից դուրս գալու իր ցանկությունը: Ի պատասխան դրան Ղարաբաղում սկսվեց պատերազմ, որը տևեց գրեթե 4 տարի և ավարտվեց 1994թ. մայիսի 12-ին՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ  համաձայնագրի կնքմամբ:

Չճանաչված Արցախի Հանրապետությունն ունի գրեթե 30-ամյա  գոյության պատմություն: Դա երկիր է իր սահմանադրությամբ, կառավարությամբ, ժողովրդավարական հանրապետության բոլոր տարրերով, քաղաքացիական հասարակության, այդ թվում և արհմիութենական զարգացած կառուցվածքներով: Այս տարիների ընթացքում թեև Արցախի արհմիությունները մեկուսացված են եղել միջազգային արհմիութենական շարժումից, այնուհանդերձ սոցիալական գործընկերության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում  էական արդյունքներ են  գրանցել:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ կտրականապես  մերժել է փոխզիջումները՝  պահանջելով վերադարձնել Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության ներքո, մերժելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը: Այդպիսի մոտեցումն առ ոչինչ դարձրեց միջազգային միջնորդների բոլոր ջանքերը:

Սա արդեն երրորդ պատերազմն է, որն Ադրբեջանը սանձազերծում է ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած անկախ Արցախի նկատմամբ:

Խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանի զինված ուժերը կիրառելով սպառազինության արգելված ձևեր, նպատակաուղղված հարձակում են գործում քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մշակույթի հուշարձանների և հաստատությունների, եկեղեցիների ու տաճարների վրա, զոհվում են ծերեր, կանայք ու երեխաներ: Ավելի քան 90 հազար մարդ դարձել է  փախստական, 24 հազար երեխա զրկվել կրթություն ստանալու իրավունքից: Մենք դարձել ենք պատերազմական հանցագործությունների ականատես, երբ խաղաղ բնակիչները պարզապես գնդակահարվում են, հարձակվողների թիրախից զուրկ չեն մնում նաև բժիշկներն ու լրագրողները:

Այսօր ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը կանգնած են  հումանիտար աղետի առջև:

Թուրքիան 100 տարի առաջ անպատժելիորեն իրականացնելով հայերի ցեղասպանությունն իրենց իսկ պատմական հայրենիքում, հայտարարում է հայ ժողովրդին բնաջնջելու իր մտադրության մասին:

Հայ հասարակությունն ինչպես երբեք համախմբվել է ագրեսորի դեմ պայքարում:

Հայաստանի արհմիությունները նույնպես անմասն չեն մնացել այս դժվարին պահին՝ ուղղելով իրենց ուժերն ու միջոցները Արցախի անօթևան բնակիչներին, արհմիություններին անդամակցող վիրավորների և զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Այս օրերին միջազգային շատ կազմակերպություններ, պետության ղեկավարներ, ինչպես նաև միջազգային արհմիություններ, պահպանելով չեզոքություն, դիմում են հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց այս պատերազմում կողմերը հավասար չեն. պաշտպանվող կողմը չի կարող դադարեցնել ինքնապաշտպանությունը, քանի դեռ հակառակորդն ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների շարունակում է հարձակումը:

Այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի բնակիչների անվտանգության միակ երկարատև երաշխիքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Ադրբեջանի կազմում վերջինիս շնորհված ցանկացած կարգավիճակի պարագայում Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լինելու են սպառնալիքի տակ, պատմությունը  բազմիցս  ապացուցել է դա:

Դիմում ենք բոլոր արհմիություններին: Մեր առաքելությունն է՝ միշտ պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել հանուն արդարության: Խնդրում ենք, մի՛ լռեք, դիմե՛ք ձեր կառավարություններին: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ հանուն այնտեղ ապրող մարդկանց փրկության: 

 

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների «Միաբանություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ