Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար ՀՀ Ազգային ժողովը  2020 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 11-ին:

 Համաձայն վերը նշված Օրենքի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակաշրջանում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպություններում ու հիմնարկներում (անկախ սեփականության ձևից) ռազմական դրությամբ պայմանավորված աշխատողների աշխատանքի վայրի փոփոխումը չի համարվում աշխատանքի էական պայմանների փոփոխում:

Հիմք ընդունելով Օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները՝  զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։  Պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման, վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաև զորահավաքների զինվորական ծառայության, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները համարվում են աշխատանքային ստաժ, որոնց դիմաց տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդ (Օրենքի 4-րդ հոդված):

 Ռազմական դրության ժամանակահատվածում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում,իսկ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համապատասխան:  Վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի ներգրավված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:

Համաձայն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ռազմական դրության ժամանակահատվածում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին ռազմական դրությամբ պայմանավորված  արտաժամյա աշխատանքում և գիշերային աշխատանքում ներգրավելիս չեն վճարվում հավելում, ինչպես նաև  ռազմական դրության ժամանակահատվածում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված որևէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին ռազմական դրությամբ պայմանավորված հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով աշխատանքում ներգրավելիս չեն վարձատրվում  ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում չի տրամադրվում  վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը չի ավելացվում ամենամյա արձակուրդին:

Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները չեն ներառվում՝  աշխատողի միջին աշխատավարձը որոշելիս:

Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետն ու 4-րդ մասը ճանաչվել են ուժը կորցրած:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի գործողությունը տարածվում է մինչև սույն Օրենքի ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերից (անհատական իրավական ակտերից) ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև Օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածների գործողությունը տարածվում է մինչև սույն Օրենքն ուժի մեջ մտնելը ծագած և սույն Օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակող աշխատանքային հարաբերությունների վրա:

 

 

 

ՀԱՄԿ-ի աշխատակազմի

իրավաբանական բաժին