ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսած ակտիվ հրետանակոծության փաստին, իր մտահոգությունն է հայտնում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ և զորակցությունը՝ Արցախի հերոս ժողովրդին:
ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ Արցախի խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում հանգեցրել է զոհերի ու վիրավորների: Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:
Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան և Արցախի Հանրապետություն ներխուժելու փորձը: Իրավիճակը պահանջում է հակառակորդի ռազմական գործողությունների կասեցում, վերահաստատել հայերի` իրենց հողերում խաղաղ ապրելու իրավունքը:
Մենք լիահույս ենք, որ ՄԱԿ-ը, ՄԻԵԴ-ը և միջազգային այլ կառույցներ միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից վերսկսած լայնածավալ պատերազմական գործողությունները և տարածաշրջանում հաստատել խաղաղություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ