Համավարակը խորացնում է զբաղվածության ոլորտում առկա ճգնաժամը

Օրերս <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն> միջազգային կազմակերպությունը COVID-19 համաճարակի և աշխատանքի շուկային վերաբերող հարցերի շուրջ կազմակերպել էր տեսահանդիպում, որին մասնակցում էին տարբեր երկրների՝ հանքարդյունաբերության, մեքենաշինության և քիմիայի արդյունաբերության ոլորտի արհմիութենական շուրջ 20 /Շվեցարիա, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա,Վրաստան և այլն/ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեսահանդիպմանը Հայաստանից մասնակցում էր Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը:
Քննարկուման թեման վերաբերում էր արտակարգ դրության ժամանակ աշխատանքի միջազգային ստանդարտների կիրառմանը, թե որքանով է այն նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Համաճարակը բացահայտեց միլիոնավոր աշխատողների և ձեռնարկությունների ծայրահեղ խոցելիությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ աշխատուժի շուկայում COVID-19- ի ազդեցությունը հսկայական է: Զբաղվածության ոլորտում ճգնաժամը խորանում է, մինչդեռ այդ վիճակից դուրս գալու հեռանկարը դեռևս տեսանելի չէ: 2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային ժամերը նվազել են 14 տոկոսով, ինչը հավասար է 400 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի կորստի: Աշխատողների ճնշող մեծամասնությունը (93 տոկոս) ապրում է այն երկրներում, որտեղ կիրառվում են որոշակի կարանտինային միջոցառումներ ՝ կապված ձեռնարկությունների գործունեության սահմանափակումների հետ: Իսկ, ահա որոշ երկրներում արձանգարվել են աշխատողների աշխատանքային իրավունքների ոտնահարման դեպքեր, խախտվել է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի տևողությունը՝ կազմելով 72 ժամ: Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումը ողջ աշխարհում կարող է զրոյացնել աղքատության նվազեցմանն ուղղված ջանքերը: Արդյունքում շուրջ 550 միլիոն մարդ կահյատնվի աղքատության շեմից այն կողմ:
Տեսահանդիպման ընթացքում <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն> միջազգային կազմակերպությունը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, ըստ որի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը համարվում է աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացումը կարգավորող կենտրոն: <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն>-ը միաժամանակ տեսահանդիպման մասնակից արհմիության ներկայացուցիչներին կոչ արեց աշխատողների իրավունքների ոտնահարման վերաբերյալ հանդես գալ անհարդուրժողական հայտարարություններով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


