Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Եթե մարդը մարտի 16-ից հետո կորցրել է աշխատանքը, չի կարող վիճարկել իր աշխատանքից ազատվելու հրամանը. նոր օրենքը չի լուծում խնդիրը

Եթե մարդը մարտի 16-ից հետո կորցրել է աշխատանքը, չի կարող վիճարկել իր աշխատանքից ազատվելու հրամանը. նոր օրենքը չի լուծում խնդիրը

Արտակարգ դրության ժամանակաշրջանում աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններում ստացվող դիմումներն ու ահազանգերն ավելացել են: Բողոքներ ունեն նաև գործատուները:

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի» ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ աշխատողներն անելանելի դրության մեջ են հայտնվել: «Պաշտպանվելու համար մեխանիզմներ են պետք, իսկ այդ մեխանիզմները չկան, որպեսզի մարդիկ պաշտպանվեն: Կառավարությունն այս փուլում ավելի շատ շեշտը դրեց սոցիալական ծրագրերի վրա, և Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն ուշացան»,- ասում է Էլեն Մանասերյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին ստացվող ահազանգերը հիմնականում վերաբերում են այն խնդրին, որ չեն վճարվում նրանց աշխատավարձերը, ովքեր կիսով չափ են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում: «Աշխատողները վաղվա օրվա նկատմամբ հույս չունեն, դա էլ է մեծ խնդիր, որովհետև չգիտեն, թե արդյոք վաղն իրենք կունենան այն աշխատանքը, որն այսօր քիչ թե շատ ունեն՝ թեկուզ չվճարվող: Այսօր գոնե շատերի հետ աշխատանքային պայմանագիրը չի լուծվել, թեպետ վճարումը նորմալ չի իրականացվում»,- ասաց նա:

Ահազանգեր են ստացվում նաև գործատուներից, դրանք վերաբերում են հատկապես այն դեպքերին, որ գործատուները ինքնամեկուսացված կամ մեկուսացված անձանց վճարելու հետ կապված խնդիր ունեն: «Օրենքն այդ հարցը չի կարգավորում, և եթե մարդն անաշխատունակության թերթիկ կամ բժշկից տեղեկանք չի կարողանում ներկայացնել, որովհետև ինքն ուղղակի մեկուսացված է, ոչ թե հիվանդ, այդ դեպքում գործատուն չգիտի՝ այդ մարդուն ո՞նց վճարի: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ մարդը մեկուսացված վայրից չի կարողանում հեռավար աշխատել: Այնտեղ, որտեղ կան արհմիություններ, այդ գործատուների հետ կոլեկտիվ բանակցությունների միջոցով փորձել են հնարավորինս 2/3 աշխատավարձ ապահովել: Դրանք վերաբերում են այն ոլորտներին, որտեղ պարետի որոշմամբ կարելի է աշխատել, հիմնականում լեռնամետալուրգիայի ոլորտում է այդ վիճակը»,- նշեց Էլեն Մանասերյանը:

Ուսումանական հաստատությունների հեռավար աշխատող ուսուցիչներն էլ բարձրացնում են հարցը, որ ծանրաբեռնվածությունն է մեծացել: «Ուսուցիչները վճարվելու խնդիր չունեն, բայց իրենց խնդիրն էլ այն է, որ գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ հեռավար դասեր են անցկացնում: Այստեղ որոշ չափով կանանց իրավունքների հարցն է բարձրանում, քանի որ նրանք նաև ընտանեկան ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ են, ավելի շատ են տուժում, քան տղամարդիկ»,- նշեց իրավաբանը:

Շատ բողոքներ կան այն մասին, որ թեև արտակարգ դրության հետևանքով տվյալ ոլորտում գործունեությունը դադարեցված է, բայց աշխատակիցները չեն կարողանում օգտվել կառավարության  սոցիալական ծրագրերից: «Օրինակ՝ մարդն անհատ ձեռնարկատեր է, ով վարձակալությամբ վերցրել է ինչ-որ տարածք ու պար է դասավանդում: Բնականաբար, այս պայմաններում չի կարողանում աշխատել, բայց չի կարողանում օգտվել աջակցության ծրագրերից: Այս մարդկանց հետ կապված մտահոգություններ կան, հիմա փորձում ենք խնդիրները կանոնակարգել և առաջարկներ ներկայացնել»,- ասաց նա:

Աշխատանքային իրավունքների պաշպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարիմյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դիմող քաղաքացիների բողոքները ևս վերաբերում են նրան, որ աշխատավարձերը չեն վճարում, կամ էլ նրանք չեն կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից: Մի կողմից, ըստ մասնագետի, կառավարության ներդրած համակարգի թերի լինելու խնդիր կա, մյուս կողմից էլ օրենսդրությամբ չկարգավորված հարցեր կան, և որոշակի խումբ մարդիկ դուրս են մնում այդ ծրագրերից:

«Մեզ զանգում են հյուրանոցների աշխատակիցներ, ասում են, որ իրենց ոլորտը համարվում է տուժած ոլորտ, բայց աջակցության ցանկում իրենք չկան: Մյուս խնդիրն այն է, որ գրեթե բոլոր ոլորտներում աշխատողներին զգուշացնում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվելու են, քանի որ նորմալ չեն աշխատում այս փուլում: Ընդ որում, խոսքը միայն ռիսկային ոլրոտների մասին չէ, ծրագրավորումը ռիսկային ոլորտ չէ, բայց այստեղ էլ մարդկանց ասում են, որ աշխատավարձերը կրճատվելու են»,- ասաց Արթուր Նարիմանյանը: Մասնագետի խոսքով՝ արտակարգ դրության ավարտից հետո դատական կարգով են փորձելու վերականգնել աշխատողների խախտված իրավունքը:

Էլեն Մանասերյանն էլ նշեց, որ այս ոլորտում բարձրացված որոշ հարցեր լուծում կստանան Աշխատանքային նոր օրենսգրքով: Մանասերյանի խոսքով, այդուհանդերձ, բոլոր խնդիրները չեն լուծվում, քանի որ նոր օրենքի միայն 186 հոդվածի 1-ին կետն է հետադարձ ուժ ունենալու, այսինքն՝ տարածվելու է մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

«Այն վերաբերում է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին միջին աշխատավարձի առնվազն 2/3-ը հատուցելուն: Սա բարելավող պայման է, որովհետև նվազագույն շեմ է տալիս: Իսկ մնացած դեպքերում հետադարձ ուժ չունի օրենքը: Թեև նոր օրենքով սահմանվում է, որ արգելվում է նման իրավիճակներում աշխատողին աշխատանքից ազատելը, բայց քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, եթե մարդը մարտի 16-ից հետո կորցրել է աշխատանքը, և եթե, օրինակ, այդ օրենքն ընդունվում է հիմա, ապա այդ մարդը չի կարող վիճարկել իր աշխատանքից ազատվելու հրամանը: Այսինքն՝ իրականում այդ փոփոխությունները չեն լուծում մարդու խնդիրը»,- նշեց իրավաբանը:

 

Սկզբնաղբյուրը՝ lragir.am