Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի
ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում այս օրերին տիրող իրավիճակը, որը ստեղծվել է COVID -19 համաճարակի տարածման կանխարգելման հետևանքով, աներևակայելի վնասներ է հասցրել աշխատաշուկային:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները:
Միահամուռ ուժերով և հաստատուն քայլերով պետք է գնալ առաջ` միաժամանակ պատրաստվելով համաճարակի հնարավոր գալիք անակնկալներին:
Այս ճգնաժամի պայմաններում, երբ կյանքը մասնակիորեն դադարեց, ոմանք կորցրեցին աշխատանքը և եկամուտները նվազեցին, հատկապես տուժեցին միջին խավը, ցածր, օրավարձով վարձատրվող անպաշտպան աշխատողները:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է այն գործատուներին, որոնք կարողացան տնտեսական այս ծանր ճգնաժամին պահպանել աշխատողների աշխատատեղերն ու աշխատավարձերը:
Հատկապես համաճարակի տարածման կանխարգելման օրերին յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի իր առողջության համար անվտանգ միջավայրում` ապահովված լինելով համաճարակի կանխարգելման կանոններով ամրագրված պայմաններով, ինչպես նաև բոլոր աշխատողների համար պետք է պահպանվի կոլեկտիվ բանակցություններ իրականացնելու հնարավորությունը, արժանապատիվ աշխատանքը և բացառվի աշխատավայրերում կին և տղամարդ աշխատողների միջև խտրականությունը:
Այսօր՝ մայիսմեկյան այս տոնական օրը, որքան էլ շատ լինեն մեր առջև ծառացած խնդիրները, մենք հավատում ենք մեր աշխատողների անկոտրում կամքին և աշխատասիրությանը, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությանը:
Աշխատանքի օրվա առթիվ ողջունում ենք բոլոր աշխատողներին, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են համաճարակի կանխարգելման աշխատանքներին և գտնվում են պայքարի առաջին գծում:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ