Երևան, 31.03.2025

Կայքի հին տարբերակը

Ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության համաշխարհային օր

 

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (ԱՄԿ),  աշխատանքի անվտանգությունը համարելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններից մեկը,  2003 թվականից ի վեր ապրիլի 28-ը հայտարարել է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր, որը նշվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում: Օրվա  խորհուրդն առողջ և անվտանգ աշխատանքի տարածումն է, որը կնպաստի ոչ միայն աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ու առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը, այլև աշխատավայրերում դժբախտ դեպքերի կանխարգելմանը:

Այս տարի ԱՄԿ-ն,  կարևորելով արտակարգ իրավիճակներում աշխատողների իրավունքների պաշտպանությունը, Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օրը նվիրել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին և    հանդես է եկել «Ապահովելով աշխատավայրում անվտանգությունը և առողջությունը պանդեմիայի  ժամանակահատվածում»  զեկույցով:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միանալով  ԱՄԿ-ի   նախաձեռնությանը,  կոչ է անում աշխատողներին և գործատուներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար սահմանված անվտանգության կանոնները:

Աշխարհը պատուհասած նոր կորոնավիրուսի համավարակը բոլորին պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ,  որոնց պետք է դիմագրավել միասնաբար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն աշխատավայրում աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը: 

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                                        ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ