ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը
Աշխատանքի օրը Երևան քաղաքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, նրան անդամակցող 20 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաև մարզերից ժամանած արհմիութենականներ «Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Համայնքային աշխատողին արժանապատիվ աշխատավարձ», «Պահանջում ենք արժանապատիվ ներկա` երիտասարդներին, արժանապատիվ ապագա` մեր երեխաներին» պաստառներով անցկացրին երթ:
Ավանդական դարձած երթը աշխատավորների շահերն ու իրավունքերը պաշտպանող արհմիությունների հետևողական գործունեության, միասնության և համերաշխության վկայությունն է: Արհմիությունների շուրջ 2000 անդամներ Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի ՀԱՄԿ-ի շենք:
Երթը լուսաբանող բազմաթիվ լրատվամիջոցներով շնորհավորելով Հայաստանի աշխատավորության տոնը, ՀԱՄԿ-ի նախագահ պարոն Թումասյանը աշխատավորներին մաղթեց արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն: Աշխատողների շահերի ու իրավունքերի խախտման բազմաթիվ երևույթների վերաբերյալ պարոն Թումասյանը «Արմնյուզ» հեռուստատեսության հետ զրույցում նշեց.
«Աշխատանքային օրենսգրքի շատ դրույթներ են այսօր խախտվում, մարդիկ վախենալով, որ կկորցնեն իրենց աշխատանքը, շատ ժամանակ մեզ չեն դիմում, կամ դիմելուց չեն հայտնում իրենց անունը: Աշխատողի իրավունքներն այսօր թեև պաշտպանված են, սակայն ոչ լիարժեք, քանի որ առկա են խոչընդոտող բազմաթիվ գործոններ: Թեկուզ, օրինակ այնպիսի հայտարարություններ, որոնք ընգծում են տարիքային սահմանափակումներն ու օտար լեզվի պարտադիր իմացությունը: Սա օրենքի խախտում է, բայց ոչ մի պետական միջամտություն չի լինում, որ այդպիսի խտրականություն չդրվի»:
Անդրադառնալով աշխատողների դժգոհությանն արժանացած պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառման խնդրին ՀԱՄԿ-ի նախագահը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի և հատկապես պարտադիր բաղադրիչի կիրառումը ժամանակավրեպ է, իսկ համակարգի ներդնումը հաջողված կհամարվի միայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայուն ու համաչափ զարգացման, արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի, ինչպես նաև օրենսդրորեն սահմանված բնակչության կենսամակարդակի ապահովման դեպքում: