Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

ԱՇԽԱՏՈՂԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 Արտակարգ իրավիճակով պայմանավորված աշխատանքները ժամանակավորապես դադարեցրած ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողների կողմից  մի շարք հարցումներ և ահազանգեր են ստացվել:

 Հարցումների և ահազանգերի  միջոցով  աշխատողները  տեղեկացնում են, որ որոշ գործատուներ պահանջում են աշխատանքից ազատվելու վերաբերյալ գործատուին դիմում ներկայացնել:

 Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը կարգավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ  հոդվածով, համաձայն որի՝ աշխատողը միայն իր հայեցողությամբ և իր կամքով կարող է լուծել  ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը՝ այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով  գործատուին:

 Աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել  նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասսով նախատեսված դեպքերում՝ դրա մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը:

 Ելնելով վերը նշված հոդվածի պահանջներից՝ աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու մասին գործատուի պարտադրանքը աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում է: Այդ կապակցությամբ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նման դիմումներ ներկայացնելուց, որը անկանխելի հետևանքներ է ունենում աշխատողի  համար:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատողներն իրավունք ունեն հետ վերցնել գործատուին ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ իրենց դիմումները ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի:

 

ՀԱՄԿ-ի աշխատակազմի

իրավաբանական բաժին

Էլ.փոստ՝ [email protected]