«Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱՎԵԼԱՆԱ»
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ վերջերս կառավարությունում քննարկվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. ծրագիրը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղավ միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականներին, որոնք տրվում են ներդրումների ներգրավման առումով գրավիչ այս կամ այն երկրին: Այդ զեկույցներից մեկի՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցի համաձայն, Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։
Հայաստանի ներդրումային դաշտի բարելավման նպատակով կառավարության ձեռնարկած քայլերից են ստվերի դեմ պայքարը, իրական մրցակցային միջավայրի ստեղծումը, ներդրումների համար արտոնությունների համակարգի մշակումը: Այսքանով հանդերձ օտարերկրացի ներդրողը նախքան բիզնես հիմնելը ուսումնասիրում է Հայաստանի ներքաղաքական կյանքը, հարկային դաշտը, օրենսդրությունը, մրցակցային միջավայրն ու ներդրողներին տրամադրվող արտոնությունների ողջ փաթեթը:
«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ»
Հայաստանի տնտեսության մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերությունը, որը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Ոլորտի արտադրանքի թողարկման գերակշիռ մասն ապահովում է հագուստի արտադրությունը, որտեղ ներգրավված է ընկերությունների և աշխատուժի հիմնական մասը: Թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, տեքստիլ արդյունաբերության ընկերություններին տրամադրում հարկային արտոնություններ:
Հասկանալու համար, թե աջակցության ծրագրերը որքանով են արդյունավետ գործարարի տեսանկյունից, «Իրատեսը» զրուցեց աշխատանքային կոմբինեզոններ արտադրող «Սասստեքս» ընկերության սեփականատեր, հոլանդահայ ՔՐԻՍՏԻԱՆ ԳԵԼԵՋԻԻ հետ:
Հաջողությունը նման է սանդուղքի՝ անհնար է բարձրանալ առանց ձեռքերը գրպանից հանելու: Այս խոսքերը պատկանում են բիզնեսի բնագավառի հայտնի խորհրդատու, ամերիկյան Zig Zigler կորպորացիայի հիմնադիր Զիգ Զիգլերին, որը համոզված էր նաև, որ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ հնարավորությունը հանդիպում է պատրաստակամությանը: Արմատներով մշեցի, տեքստիլ արտադրության ոլորտում հմտացած հոլանդաբնակ Քրիստիան Գելեջին պատրաստակամ էր Հայաստանում ծավալելու գործունեություն, նա հայրենիքում եղել է դեռևս անկախացման առաջին տարիներին: Այդ ընթացքում նա համագործակցել է ոլորտում հեղինակավոր «Գարուն» արտադրական միավորման տնօրեն Գոհար Ենոքյանի հետ: 2007 թ. հայրենիք է վերադարձել հիմնավոր բիզնես գործունեություն ծավալելու մտադրությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո էլ նա շարունակեց մնալ Հայաստանում, թեև գործարար միջավայրի բարելավման, հարկային դաշտի հստակեցման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանության տված խոստումները, նրա կարծիքով, հեռու են իրականությունից, ավելին, ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից:
«Ներդրումների համար կանաչ լույսի ապահովումը այնքան էլ իրատեսական չէ: Հեղափոխությունը նաև սփյուռքահայերին հույս տվեց, ովքեր պատրաստակամ էին գալու և շենացնելու երկիրը: Սակայն պարզվեց, որ անունն է հեղափոխություն, իրականում օրենքների կիրառումը մնացել է նախկինը»,- ասաց գործարար:
Մեր զրույցի ընթացքում նա ներկայացրեց նախորդ իշխանությունների օրոք ¥2016 թ.¤ 12 միլիոն ԱՄՆ դոլարի արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում իր գործընկեր, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ Գյումրիում կառուցված կարի ֆաբրիկայի և այդ նպատակով կառավարության կողմից ընկերությանը տրամադրած նախկին մարզային հիվանդանոցի շենքի և հարակից տարածքների մասին պատմությունը:
«Սակայն կային խնդիրներ, մեր տարածքին կպած կային այլ դոմիկներ, մարդիկ գարաժներ էին կառուցել, մենք բանավոր և գրավոր բազմիցս դիմել ենք քաղաքապետին ու մարզպետին, դոմիկների մի մասը հեռացվեց, մի մասն առայսօր կպած է մեր շենքին, անմիջապես պատուհանների տակ, հրդեհավտանգ իրավիճակում խնդիրներ ենք ունենալու, այս խնդիրը այդպես էլ չի լուծվել: Հիվանդանոցի շենքային պայմանները շատ վատ էին, մենք մեր միջոցներով ներդրումներ արեցինք և հիվանդանոցի շենքը, որ պատմական նշանակություն ուներ, վերանորոգեցինք: Հարևանությամբ շենքեր կառուցեցինք ու դեռ շարունակելու ենք: Քաղաքապետարանին խնդրեցինք այդ կառուցված տների համար վկայականներ տալ, որ կարողանանք այդ մարդկանց անհատույց տրամադրել, սակայն տարբեր պատճառաբանություններով առայսօր չեն տվել որևէ փաստաթուղթ: Արդեն երկու տարի է այս գործով զբաղվող մեր մասնագետները գնում գալիս են՝ այսօր վաղը գցելով ձգձգում են, իսկ օրերն անցնում են: Բացի այդ շրջակայքում տարածք կար, որը մեզ նախկին իշխանությունները խոստացել էին տալ մեր ներդրումների դիմաց, բայց մինչ այսօր չեն տվել, այսպես իմ խնդիրների լուծումը ձգձգվում է»,- պատմում է Քրիստիան Գելեջին, նույնացնելով նախկին ու ներկա իշխանությունների գործելաոճը։
2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատողների աշխատավարձի ուշացումների, անօրինական պահումների, աշխատանքային ոչ լիարժեք պայմանների պատճառով մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո կարի արտադրամասը փակվում է, որին անդրադառնում են լրատվամիջոցները: Տեքստիլ ոլորտում կարող բանվորական կադրերի պակասի, ինչպես նաև իր դեմ կազմակերպված «լրատավական արշավի» մասին պարոն Գելեջին դարձյալ մեղադրեց կառավարությանը, թեև հետո հարկադրված եղավ կարի արտադրամասում տեղադրել օդափոխիչներ, որոնք մինչ այդ չկային և որոշ ժամանակ անց «բազմաթիվ բավորների խնդրանքով» վերաբացեց արտադրամասը:
Վանաձորում գտնվող կարի արտադրամասի մասնաճյուղում խնդիրը դարձյալ վերաբերում էր տարածքների օրինականացմանը: 2016-ին կառավարությունը հոլանդահայ գործարարին խոստացել է մեծ ներդրումների դիմաց հատկացնել անհատույց հողատարածքներ: Գործատուի կողմից գնված տարածքները, սակայն, չօրինականացվեցին նաև թավշյա հեղափոխությունից հետո, մինչդեռ տարածքները հոսանքավորելու համար անհրաժեշտ էր սեփականության վկայական: Կառավարությանն ու այլ գերատեսչություններ ուղարկած բազմաթիվ նամակներն ու գրությունները մնացել են անարձագանք:
«Սասստեքսի» հաջորդ մասնաճյուղը Ամասիայում է, որը շահագործման է անցել 2011 թվականից: Այստեղ, գործարարի հավաստմամբ, խնդիրներն անհամեմատ մեղմ են, իրենք էլ արտադրանքից գոհ են:
Արթիկի մասնաճյուղի տարածքը քաղաքապետի կողմից տրամադրվեց անհատույց, որտեղ կառուցված կարի արտադրամասում ստեղծվեց 30 աշխատատեղ՝ հետագայում այն ընդլայնելու պայմանով: Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն քաղաքի դպրոցներից մեկի շենքը տրվելու էր գործարարին 20-25 տարով, ինչը հակասում էր գործարարի ծրագրերին ու սկզբունքներին: «Այդ պայմանն ինձ ձեռնտու չէր, քանի որ իմ հաշվարկներով այն մեզ հարկավոր էր անհատույց: Ի՞նչ իմանամ, թե 20-25 տարի անց իմ շենքի արժեքը որքան կլինի, չէ՞ որ ես մեծ ներդրումներ էի անելու: Հարցն այդպես էլ չլուծվեց: Իսկ իմ սկզբունքն է, ինչ էլ որ անեմ, պետք է հաղթանակած դուրս գամ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Քրիստիան Գելեջին: Այստեղ թերևս տեղին է հիշել ԱՄՆ գերագույն դատարանի անդամ, իրավաբան Օլիվեր ՈՒենդել Հոլմսի խոսքերը՝ «Սովորական մարդն ավելի ուշադիր է իր փողերի, քան սկզբունքների նկատմամբ»:
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող «Սասստեքս» ՍՊԸ-ն նույնպես զերծ չէ խնդիրներից: Տարածքի հարևանությամբ և դրանից ոչ հեռու գտնվող Աղի լճի շրջակայքի աղբավայրը, արտադրամասի տարածքի շրջակա միջավայրն ու օդն աղտոտող Սարի թաղի կոյուղաջրերը, Քրիստիան Գելեջիի փոխանցմամբ, տարիներով չեն մաքրվում: Ամառվա տապին արտադրամասի պատուհանները հնարավոր չէ բացել գարշահոտության պատճառով, նաև վտանգվում է բանվորուհիների առողջությունը: «Ես տեղական իշխանություններին ասում եմ՝ ձեզանից գումար չեմ ուզում, այս տարածքը տվեք ինձ 45, 90 տարի ժամկետով, իմ գումարներով այդ բոլոր խնդիրները լուծեմ, և տուրիզմի համար լավ կլինի, հիվանդությունները կվերանան: Ի՞նչ անեմ, տարածքը փակեմ, 300 մարդու տուն ուղարկե՞մ, է՞դ է ձեր ուզածը»,- նեղսրտում է գործարարը:
Գործարանի շրջակա ողջ տարածքը սեփականացնելու դեպքում Քրիստիան Գելեջին մտադիր է տներ կառուցել և վաճառել քառ. մետրը 450 եվրո արժեքով, զբոսաշրջության զարգացման նպատակով բարեկարգել շրջակայքը, տնկել այգիներ, ընդլայնել լճի տարածքն ու դրանց քանակը, որի համար իր հաշվարկներով կպահանջի 12 մլն եվրո: «Աշխատանքները սկսելու համար այդ հողերը պետք է սեփականության իրավունքով տրվեն ինձ, սակայն ասում են՝ գնա չափիր հողերը, կտեսնենք, բայց ինչու՞ գումարներ ծախսեմ անհայտ բանի համար, եթե այս ամենը չձգձգվեր, հիմա արդեն կառուցած կլինեի այն, նաև շուրջ 200 աշխատատեղ կբացվեր: Եթե իշխանությանը հաջողվի ամեն տարի Քրիստիանի նման 100 մարդ բերել Հայաստան, կնշանակի ոչ միայն հարյուրավոր ու հազարավոր աշխատատեղերի ստեղծում, այլև երկրի տնտեսության բարգավաճում և բյուջեի ընդլայնում»:
Այն, որ մեր երկրում ներդրումներ կատարող գործարարների պահանջներին համահունչ կառավարման հմտություններով մասնագետ կադրերի, գիտելիքների և տեղեկատվության պակաս կա, հասկանալի է, քանի որ ներքաղաքական ցնցումներից հետո «ջրերը դանդաղ են զուլալվում», թեև առաջընթաց կա, բայց դա այն չէ, որ կարող է բեկում առաջացնել, ժամանակ է պետք: Մյուս կողմից ներդրողը պետք է ընկալի, որ գալիս է մի երկիր, որի հզոր տնտեսությունը տասնամյակներ շարունակ իշխանությունների ձեռքով քայքայվել է, լավագույն կադրերը հեռացել են երկրից, ու եթե ներդրողի նպատակը արագ հարստանալն է, ապա նա ևս պետք է հարգի իրենց աշխատանքով նրան հարստացնող աշխատողների աշխատանքային իրավունքները:
«ՍԱՍՍՏԵՔՍԻ» ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՆ
Քանի որ Քրիստիան Գելեջիի հետ զրույցն ընթանում էր Երևանի «Սասստեքս» ընկերության շենքում, ուստի աշխատողների աշխատանքային պայմանների, նրանց հանգստի կազմակերպման և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» ցանկացավ զրուցել նաև ընկերության արհմիության նախագահ ԼԱԼԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
«Սասստեքս» ընկերության մասնաճյուղերում աշխատող բոլոր 500 աշխատողներն արհմիութենական կազմակերպության անդամ են: Նրանք աշխատում են աշխատանքային պայմանագրով սահմանված 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Արտադրամասը հագեցած է արդիական սարքավորումներով, աշխատողների համար աշխատանքի բարենպաստ պայմաններով: «Սասստեքս» ընկերությունը Երևանի և մասնաճյուղերում աշխատող կանանց առողջական խնդիրների լուծման նպատակով տրամադրում է դրամական միջոցներ, տոնական առիթներով մատուցում նվերներ: Երևանում գործող «Սասստեքս» արտադրական միավորման տարածքում ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ, շրջաններից եկող աշխատողների համար կառուցվել են տնակներ, ընդլայնվում ու բարեկարգվում է արտադրամասի շրջակայքը, աշխատողների համար կառուցվում է հանգստի գոտի, սրճարան՝ բարենպաստ եղանակին ընդմիջումն այնտեղ անցկացնելու նպատակով:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ irates.am
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն