Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Արժաապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ հարցազրույց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

-Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, քանզի այն ոչ միայն ընտանիքի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ  գրավականն է: Աշխատանքի  միջազգային  կազմակերպության  նախաձեռնությամբ 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակվեց որպես արժանապատիվ աշխատանքի միջազգային օր: Ըստ Ձեզ, ո՞րն է արժանապատիվ աշխատանքը:

-Գիտե՞ք  ինչ, աշխատող մարդը պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան  վիճակից  կամ  տարիքից,  իր աշխատանքն   անհրաժեշտ է պետության կայացման  համար, ուստի   իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի, գործադրած ջանքերի արժանի գնահատում և արդարացի  վարձատրություն:Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլև աշխատանքի արդար վարձատրություն, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովում,  որոնք էլ հանդիսանում են թե' Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և թե' Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

Աշխատող մարդը չպետք է աղքատության շեմից այն կողմ ապրի, դա պարզապես անընդունելի է Հայաստանի համար։ Բանն այն է, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55 հազար դրամ է, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը, ներառյալ` մթերքը, ապրանքներն ու կոմունալ վճարումները շուրջ 63 550 դրամ է։ Ուստի ողջունելի է  այն փաստը, որ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար,  ինչի արդյունքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: 

Հայաստանի տնտեսության տխուր իրավիճակի դրսևորում է գործազրկության  մակարդակը, որը 2019 թվականի 1-ին եռամսյակում  կազմել է 21,9 տոկոս: Դա  նշանակում է, որ հանրապետության աշխատունակ, ակտիվ մարդիկ,  ովքեր կարող են ներդրում ունենալ մեր տնտեսությունում, անգործության են մատնված, նրանց ներուժը չի օգտագործվում: Բազմաթիվ մարդիկ կարիք ունեն աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների։ Այս խնդիրների լուծումը գտնվում է  կառավարության  օրակարգում, խնդիրներ, որոնցով  մտահոգ է նաև  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։

 

-2019թ մայիսի 14-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը, որով սահմանվեց 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության գերակայությունները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ  ծրագրից:

-Համոզված եմ, որ այդ  ծրագրով կապահովվեն անձի համար արժանապատիվ աշխատանքի երաշխիքներ։Այն կնպաստի օրենսդրական բարեփոխումների միջոցով աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, զբաղվածության քաղաքականության բարելավմանն ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդմանը: Ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի շարունակական զարգացման համար:

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հույս է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը երկրում կարմատավորի արժանապատիվ աշխատանքը՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման կարևոր բաղադրիչ:

 

-Որո՞նք են ծրագրի  գերակայությունները:

-Ծրագիրը երեք գերակայություն ունի. առաջինն աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումն է, որտեղ օրենսդրության վերանայում կլինի։ Գերակայություններից երկրորդը զբաղվածության քաղաքականության բարելավվումն է, այսինքն` կանանց ու տղամարդկանց, խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծումը։ Երրորդ գերակայությունն ուղղված է սոցիալական երկխոսությանը, որը ենթադրում է գործատուների միության և շահագրգիռ այլ կողմերի հետ սերտ համագործակցություն: Ծրագրի  իրականացման արդյունքում ակնկալվում է զբաղվածության խթանման միջոցով աշխատող աղքատների թվաքանակի կրճատում, աշխատանքի վարձատրության համակարգի արդիականացում, աշխատանքային իրավունքի ինստիտուտի հետևողական կայացում` ուղղված աշխատողների պաշտպանվածության վստահելիության մակարդակի բարձրացմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ նախատեսվում է, որ կհաջողվի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը, կապահովվի աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության հնարավորինս բարձր մակարդակ, կկրճատվի բնակչության շրջանում գործազրկությունը: Սրանք  քայլեր են, որոնք  կնպաստեն Հայաստանի  Հանրապետության  տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը: