ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում ՀԱՄԿ-ը հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը մայիսի 14-ին ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնց Քոլլերը, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան, ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող, գրասենյակի աշխատողների հարցերով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ծրագրային հարցերով պաշտոնյա Եվգենիա Տյուրինան, Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և թարգմանիչ Վահագն Պետրոսյանը:
Էդուարդ Թումասյանը ողջույնի խոսքից հետո հյուրերին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում գործազրկության ներկա վիճակը: Իր խոսքում պարոն Թումասյանը կարևորելով Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը, հույս հայտնելով, որ այն բազմաթիվ հարցերի հետ կնպաստի նաև զբաղվածության խնդրի լուծմանը: «Ուրախալի է, որ ազգային ծրագրում ներառվել են ՀԱՄԿ-ի կողմից մշտապես բարձրացված նվազագույն աշխատավարձի, աշխատանքի պետական տեսչության առկայության, անհրաժեշտության և գործադուլի կազմակերպմանն առնչվող հարցերը: Հույս ունեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի սպասվող փոփոխություններում կներառվեն ՀԱՄԿ-ի առաջարկությունները, որոնք համահունչ են ազգային ծրագրի պահանջներին»,-ասաց Է.Թումասյանը:
Հայնց Քոլլերը Աշխատանքի միջազգային կազմակերպության հոբելյանական տարելիցին «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագրի ստորագրումը համարեց խորհրդանշական, գոհունակություն հայտնելով, որ ծրագրում արտացոլված են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի առաջարկությունները: Հայնց Քոլլերն անդրադառնալով 2006 թվականին Հայաստանի կողմից ԱՄԿ-ի 189 կոնվենցիաներից 29-ի վավերացման իրողությունը, հույս հայտնեց, որ ԱՄԿ-ի 100-ամյակի առթիվ Հայաստանի կառավարության ստորագրած կոնվենցիաները կհամալրվեն նոր, մասնավորապես ԱՄԿ-ի գյուղատնտեսությունում աշխատանքային տեսչության մասին թիվ 129 կոնվենցիայով, որը թույլ է տալիս աշխատանքային տեսուչներին, առանց նախապես ծանուցման, այցեր կատարել գյուղատնտեսական աշխատանքների տեղանքներ։
Հայնց Քոլլերը խոսեց նաև ԱՄԿ-ի 100-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների և ակնկալվող սպասելիքների մասին:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը իր խոքում նշեց, որ կոնֆեդերացիայի կողմից կառավարությանն ուղղված առաջարկությունների թվում ընդգծվել է նաև թիվ 129 կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալն անդրադարձավ նաև Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, կարևորեց եռակողմ կոլեկտիվ պայմանագրի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:
Եվգենիա Տյուրինանը կարևորեց Ազգային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ու թեժ քննարկումների ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից հնչեցրած առանցքային նշանակություն ունեցեղ խնդիրների ներառումը ծրագրում:
ԱՄԿ-ի թիվ 129 կոնվենցիայի նշանակությունն ընդգծեց նաև Գոչա Ալեքսանդրիան: Նա իր խոսքում կարևորեց արհմիությունների դերը ոչ ֆորմալ զբաղվածության դեմ պայքարում:
Հանդիպման ավարտին Է.Թումասյանը ԱՄԿ-ի պատվիրակությանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և հույս հայտնեց, որ ԱՄԿ-ի հոբելյանական տարելիցին նվիրված միջոցառումները հաջողություններ կարձանագրեն, իսկ հնչեցրած առաջարկություններն ու ծրագրերը կդառնան իրականություն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


