Երևան, 31.03.2025

Կայքի հին տարբերակը

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

  2019թ․ մայիսի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը, որով սահմանվեց 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության գերակայությունները, սպասվող արդյունքներն ու իրականացման ռազմավարությունը:

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր խոսքում նշեց, որ այն կնպաստի օրենսդրական բարեփոխումների միջոցով աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, զբաղվածության քաղաքականության բարելավմանն ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդմանը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի շարունակական զարգացման համար: Նա հավելեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է զբաղվածության ռազմավարության մշակում, որը հիմնված կլինի ազգային ծրագրի սկզբունքների վրա:

  Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Քոլլերը համոզմունք հայտնեց, որ արժանապատիվ աշխատավարձ, աշխատանքային լավ պայմաններ և սոցիալական պաշտպանություն հնարավոր է ձեռք բերել ԱՄԿ-ի կոնվենցիաների վավերացման ու դրանց կիրառման դեպքում և որ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը կնպաստի Հայաստանում այդ կոնվենցիաների իրականացման գործին: Հայնց Քոլլերի խոսքով արժանապատիվ աշխատանք ասվածը ենթադրում է ոչ միայն արժանապատիվ աշխատավարձ, այլև աշխատանքային պայմանների անվտանգություն, առողջության ապահովում, սոցիալական պաշտպանություն, ինչպես նաև մի շարք ազատություններ: Պարոն Քոլլերն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության առկայությանը, միաժամանակ նշեց, որ ուրախ կլիներ մասնակցել աշխատանքի ոլորտում ակնկալվող օրենսդրական փոփոխությունների և զբաղվածության ռազմավարության մշակման գործընթացին:

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը երկրում կարմատավորի արժանապատիվ աշխատանքը՝ որպես երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման կարևոր բաղադրիչ: <Վերջապես կստեղծվեն նվազագույն աշխատավարձի հիմնական այն մեխանիզմները, որոնք չուներ Հայաստանը: Կներդրվի աշխատանքի տեսչական համակարգը, որն ունեցել ենք ժամանակին և որի կայացման դեպքում ավելի արդյունավետ կդառնա սոցիալական գործընկերության աշխատանքը: Արհմիությունների կոնֆեդերացիան ավելի ակտիվ գործունեություն կիրականացնի աշխատավորների մասնագիտական, տնտեսական, սոցիալական շահերի պաշտպանության ուղղությամբ,-նշեց Է.Թումասյանը:

  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի իրականացմանը: Նրա խոսքով կայուն ձեռնարկությունների աջակցումը անհրաժեշտ նախապայման է Հայաստանում զբաղվածության խթանումն ու աղքատության հաղթահարումն ապահովելու համար:

  Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանը, Պետհիմնարկների,տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը, Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Շմավոն Մկրտչյանը և Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Սրապիոն Առաքելյանը։