2019թ. Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրվա օրակարգն է «Աշխատանքի անվտանգությունն ու առողջության պահպանումը և աշխատանքի ոլորտի ապագան»
Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ապրիլի 28-ը հայտարարվել է որպես Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օր, որի նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման խնդիրներին։
Վերջին ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում խորը փոփոխություններ են կատարվում աշխատանքի ոլորտում, ինչը կարող է ապագայում զգալի ազդեցություն ունենալ աշխատանքային հարաբերությունների վրա։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կարևորում է աշխատողների նախապատրաստումը թվայնացվող դարաշրջանին, ինչպես նաև լրացուցիչ ներդրումների ուղղումն արժանապատիվ աշխատանքի ապահովման համար։
Աշխատանքի վայրում աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգության ապահովումը աշխատանքային հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Այդ ամենը պարտավոր է ապահովել գործատուն։
Սակայն, բազմաթիվ գործատուներ հարկ չեն համարում միջոցներ հատկացնել աշխատանքային պայմանների բարելավման համար, վտանգի տակ դնելով աշխատողների կյանքն ու առողջությունը։ Ընդ որում հաշվի չի առնվում, որ արտադրությունում տեղի ունեցած յուրաքանչյուր դժբախտ դեպք, որպես հետևանք առաջ է բերում ֆինանսական մեծ ծախսեր, որոնք բազմակի անգամ գերազանցում են աշխատանքի անվտանգությունը ապահովող միջոցառումների արժեքը։
Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել են 7 աշխատողներ։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային խեղման պատճառով հաշվառված հաշմանդամների թիվը կազմում է 1918 մարդ, որոնցից 383-ը կանայք են, իսկ մասնագիտական հիվանդություններով հաշվառված 235 հաշմանդամներից կանայք 75-են ։
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը, ինչը մինչև 2013թ․ իրականացնում էր Աշխատանքի պետական տեսչությունը։ Ներկայիս գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերահսկողությունը, որը չի բխում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 Կոնվենցիայի պահանջներից:
Շարունակում է խնդրահարույց մնալ մոտ 800 անձանց վնասի փոխհատուցման գումարների վճարման հարցը, քանի որ կազմակերպությունները, որտեղ նրանք աշխատել են, լուծարվել են և չունեն իրավահաջորդ։ Մինչև 2004թ․ նշված գումաները վճարում էր սոցիալական ապահովության մարմինը՝ պետական բյուջեի միջոցներից։ Սակայն 2004թ․ ՀՀ կառավարության որոշմամբ վնասի փոխհատուցման գումարների վճարումը պետական բյուջեից դադարեցվել է, իսկ վճարման այլ աղբյուր չի նախատեսվել։
Նշված խնդիների կարգավորման գործիք կարող էր հանդիսանալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրությունը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի աշխատողների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանմանը, քանի որ անվտանգ աշխատանքային պայմանները աշխատողների հիմնարար իրավունքներից մեկն է և «Արժանապատիվ աշխատանք» հասկացողության անբաժանելի մասը։
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


