ՀԱՄԿ-ում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

2019թ. փետրվարի 5-ին ՀԱՄԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին հարավիրված էին ՀԱՄԿ-ի գործկոմի անդամներ, աշխատակազմի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը բացման խոսքում կարևորեց Հարկային օրենսգրքում եկամտային հարկի համահարթեցման մասով կատարվող փոփոխությունների վերաբերյալ արհմիությունների մտահոգությունը:
Օրինագծում նախատեսվող փոփոխությունների պարզաբանման համար հրավիրված էր ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը: Նա ներկայացրեց եկամտային հարկի դրույքաչափերի զարգացման ընթացքն ու առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը:
Բանախոսն իր ելույթում անդրադառնալով հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին նշեց, որ հիմնականում քննարկվում են կապիտալի և եկամուտների հարկման նվազեցման, պարտադիր սոցիալական վճարների, հարկային համակարգերի կրճատման, շրջանառության հարկի շեմի նվազեցման վերաբերող և այլ հարցեր:
- Ուսումնասիրությունները ցույց տվեցին եկամտային հարկերի վճարման հետևյալ պատկերը: Հայաստանի Հանրապետությունում մինչև 150000 դրամ աշխատավարձ ստանում է շուրջ 622000 գրանցված աշխատողների 69%-ը, այսինքն մոտ 422000 աշխատող: Երկրորդ խմբում են եկամտային հարկի 28%-անոց դրույքաչափով հարկվողների 30%-ը, շուրջ 190000 աշխատող և ամենաբարձր՝ 36 % հարկվողներն են, ընդամենը 1400 աշխատող, ովքեր ստանում են 2 միլիոն և ավելի դրամ աշխատավարձ և կազմում են ընդհանուր աշխատողների 0,3%-ը: Մենք տնտեսական աճի բարձրացման խնդիր ունենք, նաև անհրաժեշտ ենք համարում, որպեսզի տնտեսվարող սուբյեկտն ունենա քիչ ծախսեր: Հաջորդ նպատակն է ցուցաբերել եկամուտների բաշխվածության կամ հարկի բաշխվածության գործառույթի արդյունավետ իրականացման մոտեցում,- իր խոսքում նշեց պարոն Ալավերդյանը:
Քննարկման մասնակիցների կողմից բարձրացված հարցերի շարքում գերակշռում էին առողջապահության, կրթության, մշակույթի, առևտրի աշխատողների և հանրային ծառայողների սոցիալական խնդիրները:
ՀՀ առողջապահության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Գայանե Արմաղանովայի հարցը վերաբերում էր սոցիալական ոլորտի՝ առողջապահության, կրթության, մշակույթի աշխատողների վարձատրության վրա հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը:
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ճյուղային միության իրավաբան Էլեն Մանասերյանը բարձրաձայնեց, թե ի՞նչ արդյունք կտա եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը մասնավորապես միջին աշխատավարձ ստացող 37000 ուսուցիչներին, ովքեր 23 % գանձվող եկամտահարկից հետո ստանալու են ավելի քիչ աշխատավարձ: <Գուցե կարելի էր նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողներին հարկել այլ տարբերակով, նախապես բարելավելով նրանց պայմանները>:
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ճյուղային միության նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Գրիգոր Ղարիբյանի հարցը վերաբերում էր մի շարք կազմակերպություններում եկամտային հարկի բարձրացման կամ նվազեցման արդյունքում աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի դրույքաչափի պահպանմանը, ինչը մասնագետի համար չի կարող համարվել խրախուսանք:
Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային միության նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Ժանետա Թորոսյանն անդրադարձավ մշակույթի ոլորտի՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների սոցիալական խնդիրներին: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի նվազագույն աշխատավարձը չի հարկվում, մինչդեռ տիկին Թորոսյանի խոսքով հարկային օրենսգրքի նախագծով նվազագույն աշխատավարձը չի հիշատակվում որպես չհարկվող: Ըստ նրա, եթե կառավարությունն իր խնդիրները պետք է լուծի նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների հաշվին, ապա օրենքի նախագծի նման տարբերակն իր կողմից ընդունելի չէ:
Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ճյուղային միության նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Շմավոն Մկրտչյանին հետարքրում էր, թե հարկային նոր օրենքի նախագծի առաջարկած փոփոխությունները ո՞ր ոլորտի շահերն են պաշտպանում և այդ փոփոխությունները որքանո՞վ կնպաստեն մեր երկրի տնտեսության հետագա զարգացմանը:
Հայաստանի ԲՈՒՀ-երի աշխատողների ճյուղային արհմիությունների նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Գառնիկ Վաղարշակյանին մտահոգում եկամուտների բաշխման սխալ գործիքակազմի կիրառման արդյունքում հասարակության մեջ ստեղծված սոցիալական բևեռացումը: Հաջորդ հարցը վերաբերում էր շքեղության հարկին: Գ.Վաղարշակյանը ներկայացրեց ևս մի նկատառում. եթե դատական, իրավական և այլ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով աշխատողների աշխատավարձերը բարձրացվում են, ապա հարկային օրենսգրքի նախագծով նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողին արդյոք չի՞ արտոնվում զբաղվել կոռուպցիայով:
ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիությունների նախագահ, ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ Անահիտ Ասատրյանի դիտարկմամբ 150000 և 2 միլիոն դրամ ստացող աշխատողների տարբերությունը գնողունակության առումով մեծ է: Նրա մեկ այլ դիտարկմամբ կառավարության խնդիրը ոչ միայն պետության ծախսերի արդյունավետությունը բարձրացնելն է, այլև մարդկանց սոցիալական խնդիրների լուծումը: Ա.Ասատրյանը հետաքրքրվեց նաև, թե հարկային օրենսգրքի փոփոխությունը որքանո ՞վ կնպաստի արհմիութենական կազմակերպությունների գործունեռությանը և կկանխի արհմիության անդամների թվաքանակի նվազեցմանը:
ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Լաուրա Դեմիրչյանը ներկայացնելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀԱՄԿ-ի առաջարկությունը, այն է, մինչև եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխումը՝ պաշտոնապես սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, ներդնել նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ ԱՄԿ 131 կոնվենցիայի դրույթների համապատասխան, այնուհետև, առաջարկեց նվազագույնից բարձր աշխատավարձը հարկել՝ նվազագույն աշխատավարձի չափով նվազեցնելուց հետո:
Քննարկման ընթացքում հնչեցին այլ հարցեր, ներկայացվեցին առաջարկություններ:
Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության արհեստակցական միության անդամ Անահիտ Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներն ի՞նչ սկզբունքով են տեղափոխվում ընդհանուր հարկման դաշտ:
ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչ Մարի Կոստանջյանն առաջարկեց շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների աշխատողների եկամտահարկը սահմանել 13%, ինչը կնպաստի ստվերի կրճատմանը:
Միջոցառման ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հույս հայտնեց, որ քննարկման ընթացքում բարձրացված հարցերը մինչ օրենքի ընդունումը կարտացոլվեն նախագծում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


