Երևան, 24.04.2025

Կայքի հին տարբերակը

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թ. հոկտեմբերի 24-ին առաջին ընթեցմամբ ընդունեց ,,Արհեստակցական միությունների մասին,, ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ օրենքի 6-րդ հոդվածը լրացվել է  նոր պարբերությամբ.

,,Արհեստակցական կազմակերպությունների անդամներ կարող են լինել նաև տնտեսության  տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:,,

Ստորև ներկայացնում ենք մեր փորձաքննության արդյունքները և դիտարկումները.

,,Արհեստակցական միությունների  մասին,, /այսուհետ՝ Օրենք/ ՀՀ օրենքը ընդունվել է  2000 թվականի դեկտեմբերի  5-ին, որից հետո՝ 2005 թվականի մարտի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  /ԱՄԿ/  ,,Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին,, թիվ 87 Կոնվենցիան: Կոնվենցիայի երկրորդ  հոդվածը սահմանում է. ,,Աշխատողները և գործատուները, առանց որևէ տարբերության, իրավունք ունեն  իրենց ընտրությամբ  ստեղծելու կազմակերպություններ, ինչպես նաև անդամակցելու այդպիսի  կազմակերպություններին՝ վերջիններիս  կանոնադրություններին ենթարկվելու  միակ պայմանով, առանց նախնական թույլտվության:,, Նույն Կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն՝ ,,Աշխատողների և գործատուների կազմակերպությունները  իրավունք ունեն  մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու  իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու  իրենց ծրագրերը: Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:,, Լրացնենք, որ ութերորդ հոդվածի 2-րդ կետում նշված է. ,,Ազգային օրենսդրությունը չպետք է ազդի կամ կիրառվի այնպես, որ վնաս հասցվի սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներին:,,

Տեղեկանքի կարգով հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/  ՄԱԿ-ի մասնագիտացված  գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն  ճանաչված՝  մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: ԱՄԿ-ն սահմանում է միջազգային աշխատանքային ստանդարտներ  Կոնվենցիաների և հանձնարարականների ձևով:

Հայաստանը ԱՄԿ-ին անդամակցում է 1992 թվականից:  ԱՄԿ-ի  Կոնվենցիաները՝  որպես միջազգային պայմանագրեր,  գործում են /կիրառվում են/ նաև՝ առանց ազգային օրենսդրության  մեջ ներառվելու: Բազմաթիվ պետություններում արհմիությունների գործունեությունը իրականացվում է ԱՄԿ-ի թ.87 Կոնվենցիայի հիման վրա՝ առանց ազգային օրենքի առկայության:

Վերը նշվածից հետևում է՝  աշխատողները կարող են միավորվել ազատորեն իրենց ցանկացած, այդ թվում՝  նաև օրենքի նախագծում առաջարկված ձևով, եթե դա ամրագրված է իրենց կանոնադրություններով: Օրենքի մեջ փոփոխության անհրաժեշտութություն չկա: Սա հարցի իրավական կողմի մասին:

Կա նաև այլ հանգամանք: Արհեստակցական միությունների պատմությունը,   միջազգային փորձը վկայում են, որ արհեստակցական միությունները ի սկզբանե ստեղծվել են նույն արհեստի, զբաղմունքի տեր մարդկանց կողմից /դրա մասին է վկայում նաև եզրույթի ստուգաբանությունը/,  և միություններում միավորվում են մի կամ մի քանի  համապատասխան, հարակից  ճյուղերում աշխատող անձինք՝  իրենց աշխատանքային, մասնագիտական ընդհանուր շահերը ներկայացնելու  և պաշտպանելու նպատակով: Ներկայումս էլ այդ եղանակով են գործում արհմիությունները Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իսպանիայում, նախկին ԽՍՀՄ-ի անկախ պետություններում, Լատինական Ամերիկայի պետություններում և այլն :

 Կարելի էր սահմանափակվել այսքանով, եթե չլինեին նախագծի  անհրաժեշտությունը  հիմնավորող փաստարկները, որոնք լուրջ վերլուծության կարիք ունեն:    

 Պարզաբանենք. նախագծի ընդունման անհրաժեշտությունը  հեղինակները հիմնավորում են հետևյալ կերպ. ,,Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի և տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի   լիազորությունները անկախ և օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող  հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:,,  Ում անկախության մասին է խոսքը՝ արհեստակցական կազմակերպության, լիազորված  ներկայացուցչի, թե  արհմիության անդամի: Նշված սուբյեկտների անկախությունը տարբեր նորմերով և երաշխիքներով  են ապահովվում: Դիտարկենք հերթականությամբ.   ,,Արհեստակցական միությունների  մասին,,  Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝   ,,Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով /համաձայնագրով/ սահմանված կարգով արհեստակցական կազմակերպությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ՝ արհեստակցական միության կանոնադրությամբ պայմանավորված աշխատանքների  կազմակերպման և կատարման  համար:,,   Այդ հոդվածը  համապատասխանում է ԱՄԿ-ի՝   ,,Աշխատողների ներկայացուցիչների մասին,,  թիվ 135 Կոնվենցիայի 2- րդ հոդվածի պահանջներին. ,,Ձեռնարկության աշխատողների ներկայացուցիչներին տրամադրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք նրանց թույլ են տալիս իրենց   գործառույթները  իրականացնել արագ և արդյունավետ:,,

 Արհմիության բյուջեի կազմավորման մասին.  նախագծի հեղինակների պնդումը, որ  այն համալրվում է ,,գլխավորապես գործատուի  կողմից արվող հատկացումներով,, ,    չի համապատասխանում իրականությանը:  Դա կամ անտեղյակության հետևանք է կամ միտումնավոր սխալ: Արհմիությունների բյուջեն,  համաձայն Օրենքի 27-րդ հոդվածի, գոյանում է  ,, ...մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր  ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրոթյամբ  չարգելված այլ աղբյուրներից:,, Բացի դրանից՝ Օրենքով սահմանված կարգով գործատուն կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և հատկացումը արհեստակցական միությանը:    Նույն՝  27-րդ  հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված է.  ,,Գործատուն, կոլեկտիվ պայմանագրին  /համաձայնագրին/  համապատասխան, արհեստակցական միությանը տրամադրում է  ֆինանսական միջոցներ և գույք՝  աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների  բարելավմանը, ինչպես նաև նրանց  առողջության պահպանմանը նպատակաուղղված  միջոցառումներ կազմակերպելու համար:,,  Ցավոք,  Օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվում են  միայն  ծանր,   վնասակար  աշխատանքային պայմաններ  ունեցող  արդյունաբերական ճյուղերի արհեստակցական կազմակերպությունները՝ կոլեկտիվ պայմանագրին /համաձայնագրին/  համապատասխան:  Եվ դա, անկասկած,   արհեստակցական կազմակերպության ձեռքբերումն  է   սոցիալական  գործընկերության բնագավառում,  և սխալ է այն որակել որպես   գործատուից կախվածության հանգամանք:   

Նկատենք, որ արհեստակցական միությունների, միության անդամների և նրանց ներկայացուցիչների  գործունեության իրականացման երաշխիքները, նրանց անկախությունը ամրագրված են Օրենքի 3-5 գլուխներում: Մասնավորապես , 23-րդ հոդվածը հստակ սահմանում է. ,,Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները,  նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև   այլ անձինք  պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա  մասնակիցների /անդամների/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  իրավունքները:  Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքների խախտելը  կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը,  արհեստակցական   միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն  առաջ է բերում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված     կարգով:,,  Բերված հոդվածները  վկայում են,  որ արհեստակցական միությունները, նրանց անդամները և ղեկավարները օրենքով պաշտպանված են,  ինչը   սահմանված է նաև  Աշխատանքի միջազգային կազմակերպության  հանապատասխան կոնվենցիաներով:

  Այլ հարց է, որ  գործնականում օրենքը  լիարժեք չի գործում, խախտվում է:  Իրական կյանքում գործատուները ,  տեղական ինքնակառավարման մարմինները  բազմաթիվ  ոչ օրինական միջոցներով  խոչընդոտում են աշխատողների միավորման ազատության  իրավունքի, այլ գործառույթների  անկաշկանդ   իրականացմանը:  Բայց դա օրենքի հետ կապ չունի: Դա զուտ   իրավակիրառական  խնդիր  է , որն    առկա է ոչ միայն աշխատանքային իրավունքի ոլորտում, այլև   բոլոր ոլորտներում և կախված է բազմաթիվ ոչ իրավական հանգամանքներից  /  պետականության ավանդույթներ, հասարակության   օրինապաշտության  մակարդակ, դատարանների անկախության մակարդակ, ազգային մենթալիտետ,  հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ , .. . / Դրանք     համակարգային լուծումներ են պահանջում:  Միամտություն է կամ մոլորություն ենթադրել, որ  որևէ օրենքով  կարելի է մարդուն, աշխատողին, քաղաքացուն դարձնել անկախ: 

Նախագծի ծագման  մասին. Առաջարկված նախագիծը , մեր կարծիքով, հիմնված չէ հասարակական պահանջարկի վրա.  իրականում  տարբեր ոլորտների աշխատողների միավորումներ ստեղծելու ցանկություն, պահանջ  հասարակության մեջ  չի եղել և չկա:  Մեր կարծիքով՝ դա   նախագծի հեղինակների սուբյեկտիվ  մտորումների արդյունք է,  որը  հիմնավորված  չէ  միջազգային փորձով,  որևէ պետության,  ռեգիոնի, կազմակերպության օրինակով:  Ավելին, ԱՄԿ-ի բոլոր կոնվենցիաները, որոնք վերաբերում են աշխատանքային ոլորտին, ուղիղ  տեքստում  կամ ենթատեքստում նկատի ունեն միավորման համասեռ, հարակից,  ճյուղային,  ոլորտային մեթոդը:

Ավարտելով նշենք, որ տագնապ և հուսահատություն է առաջացնում ՀՀ ԱԺ-ի  հանդեպ   այն փաստը, որ  այսպիսի մակերեսային, լուրջ   վերլուծություն չպարունակող, միջազգային փորձը անտեսող, միջազգային  ստանդարտներին հակադրվող,  ՀՀ օրենքի  հոդվածների  ոչ կոռեկտ՝ աղճատված մեջբերումներով  լի նախագծի  հիման վրա կարելի է օրենքներ ընդունել:

 Զարմանալի է, որ անցնելով երկար ճանապարհ՝  /ՀՀ Կառավարություն, ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներ,  ԱԺ  աշխատակազմի իրավական փորձաքննության վարչություն /  նախագիծը  ընդունվեց  առաջին ընթեցմամբ:  Ազգային ժողովի մասնագիտությամբ իրավաբան պատգամավորները    չվիճարկեցին միջազգային  նորմերին հակասող նախագծի ընդունումը՝   ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:

Ակնկալում ենք, որ աշխատավորների, արհեստակցական միությունների  պատասխանը կարտահայտվի  ընտրությունների միջոցով և  կլինի ադեկվատ /համահունչ/:

 

Ժ.Թորոսյան՝
Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների
ճյուղային հանրապետական միության նախագահ

 

Հ.Գ.  2018 թ.  նոյեմբերի 16-ին ԱԺ-ի նիստում նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունը  տապալվեց: Այս անգամ  քաղաքական նպատակահարմարությունը աշխատեց հօգուտ արհմիությունների: