Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Միջազգային սեմինար Աղվերանում

Միջազգային սեմինար Աղվերանում

Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը հոկտեմբերի 15-16 Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ «Աշխատանքի վարձատրության ձևավորման հարցերը» թեմայով:

 Սեմինարի աշխատանքներին ակտիվ մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի և Հայաստանի արհմիութենական դաշնությունների և համադաշնությունների պատասխանատու աշխատակիցներ:

 ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն իր բացման խոսքում ողջունեց միջազգային սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին ու կարևորեց աշխատանքի վարձատրության ձևավորման խնդիրները և առկա հիմնահարցերը:

 ԱՄԿ-ի աշխատողների գործունեության հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան զեկուցման մեջ հանգամանալից ներկայացրեց միջազգային կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ աշխատանքի վարձատրության ձևավորման խնդիրների շուրջ:

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի կողմից ձեռնարկած միջոցառումները աշխատանքի վարձատրության հարցերում:

 ԱՄԿ Հայաստանյան գրասենյակի G20 ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ներկայացրեց աշխատաշուկայում արհեստագործական ուսումնարանների շրջանավարտների պատրաստման խնդիրները:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին միջազգային փորձագետներ Ժնևից՝ Անգելիկա Մունոզը, Չեզար Դրագուտանին, Բելգիայից՝ Ռաֆայել Պիլզը, Իտալիայից՝ Բրունո Սերժին: Նրանք իրենց զեկուցումներում ներկայացրեցին միջազգային և տարածաշրջանային մոտեցումները աշխատանքի վարձատրության ձևավորման հարցում, աշխատավարձի ձևավորման միջազգային չափորոշիչների կիրառումը, նվազագույն աշխատավարձի ձևավորման խնդիրները և դրանց հետևանքները, տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը աշխատաշուկայում, ինչպես նաև գնումների քաղաքականությունը:

Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի կողմից սեմինարի աշխատանքներին մասնակցում էին գործադիր քարտուղար Անտոն Լեպպիկը և ՊԵՏԽ/ԱՄԿ (Արհմիությունների Միջազգային Համադաշնության) Մոսկվայի գրասենյակի ծրագրերի համակարգող Աննա Սալնիկովան:

Ա.Լեպպիկն իր զեկուցման մեջ հանգամանալից ներկայացրեց արհմիությունների խնդիրները և գործունեությունը տարածաշրջանում:

Կազմակերպվեցին խմբային քննարկումներ: Մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներում աշխատանքի վարձատրության ուղղությամբ կատարված աշխատանքները և տեսլականը:

ՀԱՄԿ-ի ՈւՀԿ ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ-ի պատասխանատու աշխատակիցներին՝ սեմինարի կազմակերպմանն աջակցելու համար, ՊԵՏԽ-ի ներկայացուցիչներին ու փորձագետներին՝ արժեքավոր փորձը փոխանցելու և մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության համար: