Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագծի քննարկումը շարունակվում է

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագծի քննարկումը շարունակվում է

  Հոկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագիծը:

  Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը /նախագծի  համահեղինակ/ առաջարկում էր սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան  անդամակցելու հնարավորությունը, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ  աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար  արգելված  չէ օրենքով: Այսպիսով անկախ արհեստակցական կազմակերպությունը  կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք և ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:

  Ներկայացված նախագծի  շուրջ եղել են քննարկումներ ինչպես ՀԱՄԿ-ում, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ներկայացվել են ՀԱՄԿ-ի առաջարկությունները:

  Նախագիծը 2-րդ անգամ քննարկվեց ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ որոշում կայացվեց նախագծով նախատեսված փոփոխությունը փոխարինել ՀԱՄԿ-ի կողմից առաջարկված լրացումով, որի արդյունքում ՀՀ <Արհմիությունների մասին> օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացվեց նոր խմբագրությամբ. <Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ /անդամներ/ կարող են լինել նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները>: