Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

2018 թ. հուլիսի 31-ին ԵՄ-ի  կողմից  ֆինանսավորվող <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակներում Էրեբունի պլազա  հյուրանոցում  տեղի ունեցավ <Արեստակցական միությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկխոսության համաժողով>-ը: Ծրագրի հիմնական  նպատակն էր ուժեղացնել հասարակական  կազմակերպությունների ազդեցությունը  հանրային  գործընթացների վրա:

Համաժողովի օրակարգում <Արհեստակցական  միությունների ներկա  վիճակ, զարգացման  հեռանկարներ> թեմայով քննարկումն էր, որին մասնակցում էին  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ  ՃՀՄ-ների նախագահներ և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների մասնագետներ:

<Իրավաբանական հայկական ասոցիացիա> ՀԿ նախագահ, <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում կարևորեց հանրային վերահսկողության իրականացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ցանցերի ստեղծումը,  կառավարության ու ՏԻՄ-երի հետ կառուցողական ու կայուն երկխոսության կառուցումը: Կ.Զադոյանն  իր խոսքում  նշեց  նաև, որ  արհեստակցական միությունների գործունեության  ոլորտում անհրաժեշտ օրենսդրական  բարեփոխումների շուրջ քննարկման ընթացքում առաջարկված լուծումների ու առաջարկությունների ամբողջական փաթեթը կներկայացվի  կառավարությանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը արդիական համարելով համաժողովի թեման նշեց, որ երկխոսությունը կհանգեցնի ժողովրդավարության նոր դրույթների ձևավորմանն ու ամրապնդմանը: < Կոնֆեդերացիան հանդիսանալով քաղաքացիական հասարակության հիմնական գործող կառույցներից մեկը, իր գործունեությունը ծավալում է համաձայն <Արհմիությունների մասին> գործող օրենքի՝ պաշտպանելով իր կազմում գործող արհմիութենական կառույցների արհմիության անդամների սոցիալական և իրավական շահերը: ՀԱՄԿ-ը լինելով Պանեվրոպական արհմիությունների լիարժեք անդամ իրականացնում է լրջագույն աշխատանք թե՝ կազմակերպություններում, թե՝ այն կառույցներում, որոնց հետ համագործակցում է>, -իր ելույթում ասաց ՀԱՄԿ-ի նախագահը:
Է.Թումասյանը նշեց նաև, որ <Արհմիությունների մասին> օրենքի համաձայն արհմիություններներն անկախ են պետական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական և հասարակական կազմակերպություններից, ուստի <Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ> թեմայով համաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպիչները նախապես հանդիպեին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահների հետ՝ կոնֆեդերացիայի գործունեության  մասին համապարփակ պատկերացում կազմելու համար: Այնուհանդերձ, Է.Թումասյանը համոզմունք հայտնեց, որ շարունակական հանդիպում-քննարկումների արդյուքնում կվերացվեն արհմիությունների գործունեության մեջ առկա բացթողումներն ու թերությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի համոզմամբ արհմիությունները մարդկային, ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների առումով հզորացման կարիք ունեն, քանի որ նոր կառավարության տեսլականը կարևորում է անկախ ու հզոր արհմիությունների գոյությունը: Իր ելույթում Ա. Ուդումյանն արհմիությունների զարգացման առաջնահերթ պայմաններից կարևորեց նրանց անկախությունը, արհմիությունների հանդեպ վստահության մակարդակի բարձացումը, որի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները:
Համաժողովի մասնակիցներին ծանոթացնելով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքին և գործունեությանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանն այնուհետև անդրադառնալով արհմիություններին ուղղված քննադատություններին նշեց, որ ի շահ աշխատողների իրավունքների արհմիություններն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքի և օրինականության շրջանակներում: 

Անդրադանալով Հայաստանում արհմիութենական շարժման պատմության, ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանը կարևորեց սոցիալական պայքարը, արհմիությունների գործունեության թափանցիկությունը, որոնցով կարելի է գնահատել արհմիությունների աշխատանքը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչների նախաձեռնությունը Գ. Վաղարշակյանը նշեց, որ այն կառուցողական երկխոսության միջոցով հանրապետությունում առկա խնդիրների քննարկման հարթակ է:

Համաժողովի քննարկումների ամփոփման արդյունքները փաստեցին տեսադաշտում առկա մի շարք խնդիրների առկայությունը, ինչպիսիք են արհմիություն-գործատու երկխոսության բացակայությունը, մարզային ձևաչափով սեմինարների անցկացումը, իրազեկվածության ցածր մակարդակը, տեսչական մարմնի գործառույթների սահմանափակումն ու այլ խնդիրներ մշտապես պետք է գտնվեն շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում: