«Ես ուշ գիտակցեցի, որ իմ աշխատանքային իրավունքը խախտվել է»
Կենսաթոշակառու Լյուդմիլա Ավագյանը ժամանակին այն բազմաթիվ աշխատողներից է եղել, որոնց պաշտոնական վիճակագրությունը որակում է ստվերային կամ ոչ ֆորմալ, այդ փաստից բխող բոլոր հետևանքներով: Դրա մասին է վկայում WomenNet.am-ի հետ զրույցում իր կողմից ներկայացված պատմությունը:
Իր աշխատանքային կենսագրությունը նա սկսել է Երևանի Երիտասարդական պալատում, այնուհետև աշխատել է Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանում / ներկայիս Նաիրիտ գործարանը/: Հետագայում աշխատել է տարբեր կազմակերպություններում, սակայն առանց գրանցման ու աշխատանքային գրքույկի: Կարճ ժամանակով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, այնտեղ աշխատելու նպատակով, որտեղ էլ կորցրել է աշխատանքային փաստաթղթերը: Վերադառնալով Հայաստան Լյուդմիլան 2005 թ. հունվարի 1-ից աշխատանքի է ընդունվել «Դերժավա- Ս» ՓԲԸ-ում որպես հավաքարար, իսկ 2017 թ. հուլիսի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
– Աշխատել եմ կազմակերպության բենզալցակայանում և մեքենաների լվացման կայանում որպես հավաքարար, 9:00-ից մինչև 17:00-ը, առանց հանգստյան օրերի, աշխատել եմ նույնիսկ ամանորի օրերին: Շեֆս ասում էր, որ ինձ արձակուրդ չի հասնում, պատճառաբանելով, թե ո ՞նց կլինի, որ բենզալցակայանն ու մոյկան ամեն օր չմաքրվի: Սուս ու փուս աշխատում էի, թեև մյուս հավաքարարներն ամեն տարի օգտվել են արձակուրդից, անգամ գումար են ստացել: Երբ մի անգամ դիմեցի կադրերի բաժին, պատասխանեցին, թե արձակուրդն, այո, ձևակերպվում է, բայց ես պետք է շարունակեմ աշխատել առանց գումարի: Ճիշտն ասած, անտեղյակ էի օրենքներին, չգիտեի, որ դա աշխատանքային իրավունքի խախտում է: «Դերժավա Ս» -ում աշխատած տարիներին միայն 20 օր եմ բացակայել՝ այն էլ վիրահատության պատճառով, ցանկացել եմ բյուլետեն ներկայացնել, ասել են , որ դրա կարիքը չկա, և այդ 20 օրերի համար ինձ որպես օգնություն վճարել են 20 հազար դրամ, – պատմում է Լյուդմիլա Ավագյանը, ավելացնելով, որ թեև «Դերժավա Ս» -ում աշխատանքի է անցել 2004 թ. սեպտեմբերից, սակայն աշխատանքային գրքույկում գրանցել են 2005թ. հունվար ամսից, արդյունքում նա կորցրել է ևս չորս ամսվա աշխատանքային ստաժ:
Այժմ, թոշակի անցնելու կապակցությամբ Լյուդմիլան իր աշխատանքային կորցրած տարիների պատճառով բախվել է բազմաթիվ խնդիրների: Այսօր նա ստանում է 30 հազար դրամ թոշակ, որն, ըստ իրեն, շատ քիչ է իր աշխատած տարիների համար, ուստի դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թոշակի չափը վերանայելու համար: «Դերժավա Ս» ՓԲԸ-ի կողմից Լյուդմիլայի հանդեպ իրականացված խախտումը չի սահմանափակվել միայն Լ.Ավագյանին հասանելիք արձակուրդից օգտվելու իրավունքից զրկելով, կազմակերպությունը աշխատանքից ազատելիս նրան չի վճարել դրամական հատուցում նաև 12,5 տարվա չօգտագործած արձակուրդի համար:
-Մի օր տանը լսում էի իրավական թեմայով « Սպառողի ժամ» ռադիոհաղորդումը, որի ընթացքում խոսվում էր աշխատողների խախտված իրավունքների և դրանց վերականգնման ուղիների մասին: Հաղորդման զրուցակիցը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն էր: Նա խորհուրդ տվեց անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար դիմել իրենց բաժնին և հայտնեց հեռախոսահամար, –պատմում է Լյուդմիլան:
Լ.Ավագյանը որոշում է օգտվել ընձեռած հնարավորությունից և նամակով դիմում է ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանին՝ իր ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի գումարը ստանալու խնդրանքով, միաժամանակ նշելով, որ կազմակերպության հաշվապահությունը չի ձևակերպել օրենքով իր օրինական արձակուրդը, և ստացվում է, որ ըստ էության Լ. Ավագյանը «Դերժավա Ս» ՓԲԸ-ում աշխատած 12,5 տարիների ընթացքում եղել է ստվեային աշխատող:
ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժինը հիմք ընդունելով Լ.Ավագյանի դիմումը, դիմեց կազմակերպության տնօրեն Հովակիմյանին խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրել Լ.Ավագյանին վերոհիշյալ աշխատած տարիների համար ամենամյա արձակուրդ տալու փաստը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակները: «Դերժավա Ս» ՓԲԸ-ից առ այսօր հրաժարվել են պատասխանել ՀԱՄԿ-ի դիմումին, մինչդեռ դրանոում մատնանշված ՀՀ ԱՕ 170-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ «Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով; Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար»:
ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի ղեկավար Մ. Փիլիպոսյանը խորհուրդ տվեց Լ.Ավագյանին խնդիրը կարգավորել դատարանի միջոցով: Բայց քանի որ Լ.Ավագյանը տարիներ շարունակ եղել է օրավարձով աշխատող և իրեն հասանելիք 80 հազար դրամը ստացել է առձեռն, ուստի նա կարող է պահանջել, որպեսզի իրեն հասանելիք արձակուրդային գումարը հաշվառվի և վճարվի թեկուզ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի՝ 55 հազար դրամի չափով: Միաժամանակ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնում Լ.Ավագյանին օգնեցին նաև ճիշտ ձևակերեպելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հասցեագրված դիմումը, խորհուրդ տվեցին դատարան դիմելուց առաջ դիմել նաև, քանի որ գործող օրենսդրությամբ չվճարված վարձավճարների հարցերով զբաղվում է ՊԵԿ-ը:
Թեև Լ. Ավագյանը համոզված չի, թե օրենքը կվերականգնի իր խախտված իրավունքը, այնուհանդերձ պատրաստվում է դիմել դատարան: ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի անշահախնդիր աջակցությունը հուսադրել է նրան, որ իր աշխատանքային իրավունքը այնուամենայնիվ հնարավոր է վերականգնել:
Անուշ Ներսիսյան
Սկզբաղբյուրը՝ womennet.am