2018թ. Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»
Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:
2018թ. աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»:
Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի հանդես է գալիս նոր թեմայով, այնուհանդերձ նպատակը մեկն է` հանրության ուշադրության կենտրոնում պահել առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի տեսլականը, ինչը ենթադրում է աշխատավայրում աշխատողների առողջության պահպանման և անվատնգության ապահովության երաշխավորում:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրության աշխարհում յուրաքանչյուր օր աշխատավայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից մահանում է 6000 մարդ, իսկ տարվա ընթացքում` 2,3 միլիոն:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված «Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն, 2015թ.» վերլուծական զեկույցի համաձայն` Հայաստանում ծանր և վնասակար աշխատանքներում ընդգրկված են եղել երեխաների 9%-ը, որտեղ աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթական գերազանցել է 16 ժամը:
Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով արգելվում է երեխաների ներգրավումն այնպիսի աշխատանքներում, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ նրանց առողջության վրա:
Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հիմք ընդունելով ՀՀ կողմից վավերացրած «Նվազագույն տարիքի մասին» ԱՄԿ 138 և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ 182 կոնվենցիաների պահանջները, սահմանվել է մինչև 18 տարեկան երեխայի աշխատելու պայմանները` հաշվի առնելով աշխատաժամանակի կրճատ տևողությունը ըստ տարիքային խմբերի:
Համաձայն վերոնշված հետազոտությանը գյուղական վայրերում աշխատանքում ընդգրկված երեխաների թիվը 8 անգամ գերազանցում է քաղաքում բնակվող իրենց հասակակիցների թվից: Զբաղված երեխաների 4% վարձու աշխատողներ են, որոնց 95 % աշխատել են բանավոր պայմանավորվածության հիման վրա և չեն օգտվել վճարովի արձակուրդից, կրճատ աշխատաժամանակից և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ երաշխիքներից: Երեխաների 20% համարվել են ինքնազբաղվածներ:
Երեխայի աշխատելու հիմնական պատճառը նրանց ընտանիքների աղքատությունն է: Հանրապետությունում սոցիալ-տնտեսական ցածր մակարդակով պայմանավորված մինչև 18 տարեկան երեխաների 37% ապրում են աղքատության, իսկ 3,3% ծայրահեղ աղքատության պայմաններում:
Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության ոլորտում առաջնահերթ խնդիներից է շարունակում մնալ գործազրկության բարձր մակարդակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն` գործազրկության մակարդակը 2017թ. կազմել է 17,8% (15-75 տարիքային խումբ), երիտասարդության շրջանում (15-29 տարիքային խումբ)` 30,3 %: Երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը պայմանավորված է մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանելիությամբ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ նշված խնդիրների կարգավորումը կարելի է իրականացնել սոցիալական երկխոսության միջոցով: Այդ աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի և աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, աղքատության և գործազրկության մակարդակի կրճատմանը, ինչպես նաև առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը:
ՀԱՄԿ-ի աշխատակազմի
Սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժին