Գործադուլ հայտարարելու և անցկացնելու կարգը
ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնին ուղղված գործադուլ անցկացնելու վերաբերյալ հարցերի կապակցությամբ բաժինը պարզաբանում է գործադուլ հայտարարելու և անցկացնելու կարգի հիմնական դրույթները:
Հայաստանի Հանրապետությունում գործադուլի իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:»:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (ընդունված 2004թ. նոյեմբերի 9-ին, ՀՕ-124-Ն) համաձայն գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:
Գործադուլի անցկացման կարգը և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Այսպես, գործադուլ կազմակերպելու և գլխավորելու իրավուք ունի արհեստակցական միությունը, իսկ այն ղեկավարելու իրավունք ունեն արհեստակցական միությունը կամ նրա կողմից ստեղծած գործադուլային կոմիտեն, որի իրավունքներն ու պարտականությունները սահմանում է այդ կոմիտեն ստեղծող արհեստակցական միությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքներին համապատասխան:
Արհեստակցական միությունը գործադուլ կազմակերպելու իրավունք ունի եթե.
1) հաշտեցման գործընթացի արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.
2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.
3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի՝ աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Արհեստակցական միությունը կազմակերպությունում գործադուլ է հայտարարում այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից:
Կազմակերպության առանձին (կառուցվածքային) ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս՝ այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից գաղտնի քվեարկության դեպքում:
Իսկ այն դեպքում, եթե կազմակերպության առանձնացված ստրաբաժանումում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է կազմակերպության մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությանը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից, որը չի կարող պակաս լինել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի կեսից:
Մինչև գործադուլ անցկացնելն արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին այդ մասին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն 7 օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում գործադուլ անցկացնելու մասին որոշումը՝ դրան կցելով առաջադրված պահանջները: Եթե մինչև գործադուլ սկսելը կազմակերպվում է նախազգուշական գործադուլ, որը օրենքի համաձայն չի կարող շարունակվել 2 ժամից ավել, ապա այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ քան 3 օր առաջ:
Իսկ օրենսգրքով նախատեսված տնտեսության առանձին բնագավառներում գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլը սկսելուց առնվազն 14 օր առաջ:
Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գարծատուն կարող է աշխատավարձ չվճարել գործադուլին մասնակցող աշխատողներին:
Իսկ գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ՝ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:
Գործադուլ հայտարարելուց հետո գործատուն կամ պահանջներ ստացած կողմը կարող է դիմել դատարան գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով: Դատարանը գործադուլն անօրինական ճանաչելու դեպքում և դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործադուլ չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված գործադուլը պետք է անհապաղ դադարեցվի:
Դատարանը օրենքով սահմանված կարգով, գործադուլն անօրինական ճանաչելու դեպքում, գործադուլ հայտարարած արհեստակցական միությանը, օրենքով սահմանված կարգով, պարտավորեցնում է իր գույքի հաշվին հատուցել գործատուին պատճառած վնասները:
Տնտեսության առանձին բնագավառներում ՀՀ գործող օրենսդրությամբ արգելվում է գործադուլ հայտարարելը:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտվեք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ գլխի 64-82-րդ հոդվածներից: