Երևան, 03.12.2024

Կայքի հին տարբերակը

Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիան. մարդիկ շահագործվում են, որ բիզնեսը չխոչընդոտվի

Հայաստանը խախտում է միջազգային կոնվենցիան. մարդիկ շահագործվում են, որ բիզնեսը չխոչընդոտվի

 Երեւանի սուպերմարկետներում աշխատանքային անմարդկային պայմաններին անդրադառնալու առիթ ունեցել ենք. մի քանի այդպիսի կենտրոնների օրինակով պարզել էինք, որ մարդիկ մեծամասամբ աշխատում են՝ առանց հանգստյան շաբաթ-կիրակիների կամ ամսվա մեջ երկու-երեք ազատ օր ունենալով, շաբաթական կտրվածքով աշխատում են ավելի շատ, քան թույլատրելի է, արձակուրդ նույնպես նախատեսվածից քիչ է տրամադրվում: Մի խոսքով, խախտվում են «Աշխատանքային օրենսգրքի» բազմաթիվ դրույթներ, ու դրա կանխումը պետական ոչ մի մարմին իր հոգսը չի համարում:

  Հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց փորձեցինք պարզել՝ խնդիրը մամուլում արծարծվելուց հետո՞ էլ որեւէ կառույց դրանով զբաղվելու գործառույթ չունի: Որովհետեւ եթե մինչ այդ գուցե կարելի էր ասել՝ դիմում-բողոքներ չկան, ու իրավիճակին չենք տիրապետում, հիմա դա բարձրաձայնվել է, իսկ սուպերմարկետներն էլ չեն հերքել:

  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, նշեցին. «Այստեղ առկա է աշխատանքային օրենսդրության պահանջների խախտում, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ Աշխատանքի պետական տեսչության քննությանը ենթակա իրավախախտում է: Եթե չկա որեւէ անձի կողմից բողոք, ինչպես նաեւ աշխատաժամանակի տեւողության խախտման արդյունքում անձին պատճառված վնաս, ապա ոստիկանությունը այս պարագայում որեւէ անելիք չունի»:

  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից նույնպես պատասխանեցին, որ ոչինչ անել չեն կարող. նախկինում գերատեսչության ենթակայությամբ գործել է Աշխատանքի պետական տեսչությունը, որը, սակայն, միավորվել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ եւ ի վերջո գործում է որպես առողջապահական տեսչական մարմին: Իսկ դրա կանոնադրական գործառույթների մեջ, ինչպես նշել ենք, չի մտնում աշխատանքի իրավունքի նկատմամբ վերահսկողությունը: Առողջապահության նախարարության այս ստորաբաժանումը միայն իրավունք ունի վերահսկողություն իրականացնել աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառում:

  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ուղղորդեցին դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա: Ու թեպետ համոզված էինք, որ տվյալ դեպքում դա ճիշտ հասցե չէ, դիմեցինք:

  Կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, նշելով, որ արհեստակցական միությունները մեր երկրում գործում են «Արհեստակցական միությունների մասին» օրենքի պահանջներին եւ դրույթներին համապատասխան, ավելացրեց, որ, ըստ այդմ, արհմիությունների ներկայացուցիչները իրավասու են ներկայացնելու, պաշտպանելու այն աշխատողների շահերը, որոնք հանդիսանում են իրենց արհմիության անդամները: Սուպերմարկետների աշխատողներն արհմիության անդամներ չեն:  

  «Այստեղ պետության դերն է, որովհետեւ արհեստակցական միությունը ձեւավորվում է կամավորության սկզբունքի հիման վրա, այսինք ոչ ոք իրավասու չէ աշխատողին պարտադրելու դառնալ արհմիության անդամ: Դա իր ցանկությունն է, եթե նույնիսկ կա արհեստակցական կազմակերպություն տվյալ հիմնարկում: Հիմա եթե դա ըստ ցանկության է, եւ նա արհմիության անդամ չէ, ո՞վ պետք է վերահսկողություն իրականացնի աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ: Բայց աշխատանքի տեսչություն մենք այսօր չունենք, բացակայում է, որը պետության կողմից պետք է իրականացնի այդ գործառույթները եւ հետեւի օրենքի կիրարկմանը այս կամ այն ոլորտում»,- ասաց Բորիս Խարատյանը:

  Անդրադառնալով այն իրողությանը, որ աշխատողների իրավունքների պաշտպանությունը կարող է նորաստեղծ տեսչության ուշադրության կենտրոնում հայտնվել միայն այն դեպքում, երբ աշխատողների առողջությանը վտանգ է սպառնում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահն արձանագրեց. «Ասենք աշխատանքի վարձատրությունը, աշխատանքի ռեժիմը, տեւողությունը՝ արտաժամյա աշխատանք եւ այլն, իրենց իրավասություններում չեն տեղավորվում, բայց այստեղ հարց է ծագում՝ եթե մարդն աշխատում է առանց հանգստյան օրերի, չի հանգստանում, ընդմիջման հնարավորություն չի ստանում կամ հինգ րոպեանոց ընդմիջում են տալիս՝ արագ ինչ-որ բան ուտելու համար եւ այլն, դա չի՞ ազդում առողջության վրա: Կամ եթե ժամանակին ու ամբողջությամբ աշխատավարձը չի վճարվել, դա առողջության վրա չի՞ ազդում, չէ՞ որ մարդը սթրես է ապրում. նա պլաններ ուներ այդ գումարի հետ կապված, ընտանիք»:

  Բորիս Խարատյանը համոզված է, որ Աշխատանքի տեսչությունն անհրաժեշտություն է: Ավելին, նա տեղեկացրեց, որ Հայաստանը նման մարմին ունենալու պարտավորություն է ստանձնել: «Հաշվի չի առնվում, որ Հայաստանը 2004 թվականին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիան, որն Աշխատանքի տեսչության մասին է: Այնտեղ մանրամասն հստակ նշված է՝ տեսչությունն ինչ գործառույթներ պետք է ունենա, ինչ իրավունքներ ու պարտականություններ, բայց այդ կոնվենցիան ուղղակի չի կատարվում»,- փաստեց մեր զրուցակիցը: Ասաց, որ կոնֆեդերացիան չի լռել եւ մշտապես բողոքի ձայն է բարձրացրել:

  «Իհարկե, եղել են ե՛ւ նամակներ, ե՛ւ գրություններ, ե՛ւ ելույթներ: Բոլոր քննարկումների ժամանակ ես դրա մասին բարձրաձայնում եմ, ասում եմ: Նույն կարծիքին է նաեւ Գործատուների միությունը: Տեսչությունն անհրաժեշտ է, որովհետեւ նույն տնտեսական աճը, կոպիտ ասած, հենց այնպես չի լինում: Ո՞վ է ապահովում այդ աճը: Բացի գործարարից՝ նաեւ աշխատողը: Այդ աշխատողը պետք է շահագրգռված լինի, նա պետք է վստահ լինի վաղվա օրվա հանդեպ, պետք է վստահ լինի, որ իր նկատմամբ ոչ մի անօրինականություն չի իրականացվի, որ ինքը պատշաճ ձեւով կգնահատվի, իսկ գնահատականը երկու տեսակի է լինում՝ բարոյական եւ ֆինանսական»,- նկատեց արհեստակցական կոնֆեդերացիայի փոխնախագահը:  

  Իսկ իր կարծիքով ինչո՞ւ Հայաստանում այդպիսի վերաբերմունք կա աշխատողների իրավունքների նկատմամբ, երբ փաստորեն պետական  մակարդակով խրախուսվում է, որ մարդիկ շահագործվեն, ընդ որում՝ գրոշների դիմաց:

  «Իրենց ասելով՝ այդ աշխատանքի տեսչության գործունեությունը դադարեցվեց, որպեսզի այն չխոչընդոտի բիզնեսի զարգացմանը, արդյունավետ գործունեությանը, թեթեւացնի գործատուների բեռը, որոշ չափով ազատականացվեն հարաբերությունները»,- պատասխանեց Բորիս Խարատյանը:

  Այնպես որ, այս մտածողությամբ ու տրամաբանությամբ առաջնորդվող իշխանություններից պետք է սպասել, որ մի օր էլ կապրենք ճորտատիրական հայտարարված հասարակարգում, որպեսզի բիզնեսմենների կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ լինի:

 

 Սկզբնաղբյուրը՝  armtimes.com