Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

Բորիս Խարատյան: «Աշխատանքային հարաբերությունների առաջարկվող կարգավորումը կարող է չարաշահումների առիթ հանդիսանալ»

Բորիս Խարատյան: «Աշխատանքային  հարաբերությունների առաջարկվող կարգավորումը կարող է  չարաշահումների առիթ  հանդիսանալ»

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի շուրջ WomenNet.am-ը զրուցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի հետ:

 

-Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մի շարք դիտարկումներ և առաջարկություններ է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Թվարկեմ դրանցից մի քանիսը: Ըստ նախագծի, գործատու-աշխատող հարաբերությունները կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ և ամրագրվել աշխատանքային պայմանագրում: Մինչդեռ մեր համոզմամբ, գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորումը կողմերի համաձայնությանը թողնելը կարող է չարաշահումների առիթ հանդիսանալ:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխատաժամանակի տևողությանը, այն է՝ մեկ հերթափոխի տևողությունը չի կարող պակաս կամ ավելի լինել 24 ժամից: Մենք գտնում ենք, որ նախատեսված հերթափոխի տևողությունը 24 ժամից պակաս սահմանելու արգելքը գործնականում նպատակահարմար չէ, քանի որ շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում հերթափոխային աշխատանքները կատարել 24 ժամից պակաս տևողությամբ,ինչն ամենևինչի բխումգործատուիշահերից: Առաջարկվող փոփոխություններովնշված է, որ արտաժամյա աշխատանքերկատարելու հնարավորությունըվերապահվում է կողմերի համաձայնությանը, մինչդեռ ՀՀ աշխատանքայինօրենսգրքի համապատասխան հոդվածով ամրագրված դրույթը ուժը կորցրած էճանաչվել 2010թ.-ին կատարված փոփոխություններով:

Նախագծով առաջարկվող փոփոխություններից ՀԱՄԿ-ի համար անընդունելի է նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքերի կատարմանհամար հավելումների չափը, արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի հավելումների չափը նույնպես կողմերի համաձայնությամբ սահմանելը, քանի որ նշված պայմաններում կատարվող աշխատանքները չեն ուղեկցվում անհրաժեշտ ապահովագրական միջոցներով, որոնք կապահովեն ռիսկային պայմաններում աշխատողների անվտանգությունը և քանի դեռ այդ ռիսկերի թույլատրելի նվազագույն չափը օրենսդրորեն սահմանված չէ:

 

-Արհմիությունները բազմիցս բարձրաձայնել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 182 հոդվածով ամրագրված աշխատավարձի ինդեքսավորման հարցը և այն, որ մինչ այսօր բացակայում է ինդեքսավորման կարգը հաստատող օրենսդրական դաշտը: Մինչդեռ նախագծով առաջարկվում է վերոհիշյալ հոդվածը ուժը կորցրած ճանաչել: Ինչպիսի՞ն է ՀԱՄԿ-ի դիրքորոշումն այս հարցում:

 

– ՀԱՄԿ-ի համոզմամբ հանրապետությունում գնաճի, դրամի արժեզրկման, նվազագույն աշխատավարձի ցածր գնողունակության,ինչպես նաև բնակչության 30 տոկոսի հասնող աղքատության պայմաններում աշխատավարձի ինդեքսավորման վերաբերող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածը ուժը կորցնելու մասին առաջարկը նպատակահարմար չէ:

Նշեմ մի կարևոր հանգամանք ևս: Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության / ԱՄԿ/ «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 կոնվենցիան, իր վրա պարտավորություն է վերցրել ներդնել նշված կոնվենցիայի դրույթներին համապատասխան նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ և ժամանակ առ ժամանակ վերանայել այն: Սակայն հանրապետությունում առ այսօր չեն կիրառվում վերոհիշյալ կոնվենցիայի դրույթները: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը կարևոր գործիք է նաև աղքատության հաղթահարման տեսակետից, քանի որ Հայաստանի բնակչության մոտ 1/3-րդը կազմող աղքատների թվում կան նաև աշխատող աղքատներ: Մինչդեռ աշխատողը չպետք է լինի աղքատ, նա պետք է այնքան վաստակի, որ կարողանա բավարարել իր ընտանիքի պահանջմունքները։ Հայաստանի Հանրապետության կառավարության հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում նշված է, որ աշխատանքի շուկայի կարգավորման կարևոր տարր պետք է լինի նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը, ուստի ՀԱՄԿ-ը առաջարկում է մշակել նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգ:

Եթե ամփոփելու լինենք մեր առաջարկները, ապա ՀԱՄԿ-ը ակնկալում է պետության միջամտությունը կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն պաշտոնապես սահմանելու, յուրաքանչյուր տարի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը այդ օրենքում արտացոլելու, ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի դրույթներին համապատասխան նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգը ներդնելու, նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգը մշակելու գործում:

Այլապես կարելի է ենթադրել, որ պետությունն առաջարկվող փոփոխություններով խուսափում է աշխատանքային հարաբերությունների և աշխատանքի վարձատրության հարցերում իրավիճակի կարգավորման դերակատարումից և պատասխանատվությունից: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը լինելով սոցիալական պետություն պարտավոր է սահմանել և ապահովել մարդկանց սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության բարձրացման օրենսդրական երաշխիքները:

 

Անուշ Ներսիսյան