Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցում էին եռակողմ հանձնաժողովի անդամներ՝ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ՃՀՄ նախագահ Հ. Ջհանգիրյանը, ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների ՃՀՄ նախագահ Ս.Առաքելյանը: Նիստին հրավիրված էր նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ.Մադոյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էր <Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին> օրենքի նախագծի քննարկումը:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը անդրադառնալով <Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին> օրենքի նախագծին, մտահոգություն հայտնեց, որ կամավոր աշխատանքի կիրառման ընթացքում կարող են բավականին բարդություններ առաջանալ, ինչպես նաև լինեն չարաշահումներ: Միաժամանակ հարց բարձրացվեց, թե կամավոր աշխատանքների կատարման նկատմամբ ո՞ր պետական մարմինը և ինչպե՞ս է իրականացնելու հսկողություն:
Բարձրացրած հարցին ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժ.Սարգսյանը նշեց, որ նախագծի 34-րդ հոդվածում նախատեսվել է, որ կամավորների առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնում է ՀՀ առողջապահական տեսչական մարմինը:
Նիստի օրակարգի հաջորդ հարցի՝ <Նվազագույն աշխատավարձը Հայաստանում> ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ Բ. Խարատյանն ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձը այն խնդիրն է, որը շատ կարևոր է և հուզում է բոլորին: Նա հավելեց, որ նվազագույն աշխավարձի սահմանման հարցեր ներառված են նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրում և որպես խնդիր նշեց, որ ուսումնասիրությունում որևէ բան չի ասվում կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին: 2004 թվականին ՀՀ-ի կողմից ընդունվել է «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որտեղ տրված են համապատասխան ընթացակարգեր, համաձայն որի առաջին երեք տարվա ընթացքում կառավարությունը պետք է մշակեր նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը, իսկ հետագայում այն պետք է սահմանվեր օրենքով: Սակայն, հիմա դա չի արվում: Ըստ Բ. Խարատյանի, հիմք ընդունելով ներկայացված ուսումնասիրության արդյունքները կձեռնարկվեն լուծումներ, կսահմանվի այնպիսի նվազագույն աշխատավարձ, որը իրականում կբավարարի աշխատողի և նրա ընտանիքի անդամների պահանջմունքները:
Այս հարցի առնչությամբ հանձնաժողովի նախագահի կողմից նշվեց, որ նշված ուսումնասիրության քննարկումը կարևորվում է այն իմաստով, որ նվազագույն աշխատավարձին վերաբերող հարցերի անրդրադարձ է կատարված նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրով: ՀՀ-ում ներկայում նվազագույն աշխատավարձը որոշվում է քաղաքական որոշումներով՝ ելնելով երկրի հնարավորություններից, քանի որ նվազագույն աշխատավարձի ծանրաբեռնվածությունն առաջին հերթին ընկնում է հենց պետական բյուջեի վրա: Ա. Ասատրյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովում ներկայացնելու, և առհասարակ նվազագույն աշխատավարձին առնչվող հարցը քննարկելու նպատակը մեկն է, որպեսզի եռակողմ քննարկումների արդյունքում ի վերջո մշակվի մի մոդել, որով դրված մեթոդաբանությունը ընդունելի կլինի բոլոր երեք կողմերի համար և որը հնարավորություն կտա համապատասխան հիմնավորումներից ելնելով սահմանել նվազագույն աշխատավարձի հիմնավորված չափ:
Նախագծի և նախագծին առնչվող այլ օրենքներում փոփոխությունների փաթեթի հակիրճ ներկայացումից հետո հարց հնչեց նաև Հ. Ջհանգիրյանի և Ս. Առաքելյանի կողմից:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ հանձնաժողովը որոշեց «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունել ի գիտություն, իսկ օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ներկայացված ուսումնասիրության արդյունքները՝ ԱՄԿ-ի ներգրավմամբ և անմիջական աջարկցությամբ եռակողմ քննարկումների արդյուքնում ձևավորել մոդել, որը նվազագույն ամսական աշխատավարձի հիմնավորված չափի որոշման հնարավորություն կտա:
Նիստում քննարկվեցին նաև <Տարեցների զբաղվածության ապահովման խնդիրների և հնարավորությունների> հարցը, <Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն> ՊՈԱԿ-ի ուսումնասիրությունների արդյունքերը, ներկայացվեց «Տրանսնացիոնալ կորպորացիների և սոցիալական քաղաքականության սկզբունքների վերաբերյալ» եռակողմ հռչակագիրը: