Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հուլիսի 26-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցում էին եռակողմ հանձնաժողովի անդամներ՝ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժ. Թորոսյանը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ա. Ասատրյանը, Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Շ. Մկրտչյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Հ. Դանիելյանը, մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը և սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ.Մադոյանը, ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էր <Սոցիալական աշխատանքի մասին> և <<Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքի քննարկման ընթացքում Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժ. Թորոսյանը սոցիալական աշխատողի մասնագիտական աշխատանքի, նրա լիազորությունների վերաբերյալ օրենքի նախածում տեղ գտած տերմինաբանական որոշ ձևակերպումների և մեկնաբանությունների վերաբերյալ հանդես եկավ մի շարք առաջարկություններով:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ա. Ասատրյանը մտահոգություն հայտնեց <Սոցիալական աշխատանքի մասին> և <Սոցիալական աջակցության մասին> լրամշակված օրենքների ընդունումից հետո սոցիալական աշխատողների շրջանում արհմիության անդամակցության նվազման առնչությամբ:
Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Շ. Մկրտչյանի առաջարկը վերաբերում էր վերահսկիչ հանձնաժողովի անդամների լիազորություններին և ժամկետներին:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2016 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքերին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Ա.Մկրտչյանը: Նրա զեկույցից հետո դիտարկմամբ հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը: Ըստ նրա՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատանկազմի առողջապահական պետական տեսչության գործունեությունը չի համապատասխանում ԱՄԿ-ի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
Նիստի օրակարգային հարցերից էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ա. Ասատրյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր ընդունելու առաջարկը:
Նիստում քննարկվեցին նաև ԱՄԿ-Հայաստան համագործակցության <Արժանապատիվ աշխատանք> ծրագրի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցերը: